Ականատեսն ենք Հարավային Կովկասում պատմական փոփոխությունների՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում հուլիսի 20-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը նշել է, թե ավանդական դաշինքները թուլացել են, ի հայտ են եկել գործակցության նոր ձևաչափեր։
Ալիևն անդրադարձել է Բաքու-Մոսկվա հարաբերություններին, ընդգծել՝ արդեն տևական ժամանակ է՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են:
«Նույնիսկ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից առաջ մենք բոլոր հարցերը կարգավորել էինք փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը և մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությունը»,- մանրամասնել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը տեղեկացրել է, որ շարունակելու են նույն ոգով, քանի որ ռուսական կողմի հետ քննարկելու շատ բան կա:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե իր երկիրը անկախ արտաքին քաղաքականություն է վարում, զարգացնում հարաբերությունները գործընկերների, նաև տարածաշրջանի երկրների հետ՝ անտեսելով բամբասանքները, այդ թվում՝ Եվրախորհրդարանից կամ Եվրախորհրդից հնչող հայտարարությունները: