Հանգստյան օրերից առ այսօր համաշխարհային մամուլի գլխագրերում ԱՄՆ նախկին նախկին նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Հանրպաետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ կատարված մահափորձն է։
Մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ. 20-ամյա երիտասարդ Թոմաս Մեթյու Քրուքսը, ով ավելի ուշ սպանվել է ամերիկյան ուժայինների կողմից, հանրահավաքի ժամանակ կրակոցներ է արձակել ԱՄՆ նախկին նախագահի ուղղությամբ։
Քրուքսի արձակած գնդակը դիպել է Թրամփի ականջին, սակայն նախկին նախագահը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Նա ընդհատել է իր ելույթը, անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, սակայն նկատվել է, որ վերջինիս ականջի և աջ այտի շրջանում արյուն է։
Հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո Թրամփը մեկնել է Նյու Ջերսի, իսկ նրա խոսնակը տեղադրել է տեսանյութ, ուր նախկին նախագահն իջնում է օդանավից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ կատարված կատարված մահափորձը դատապարտել են համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ, այդ թվում Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենը։ Գործող նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ում բռնությունը տեղ չունի․ «Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնությանը տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ի իր միկրոբլոգում դատապարտել է մահափորձը՝ նշելով, որ քաղաքական բռնությունն անընդունելի է։ «Չի կարելի գերագնահատել. քաղաքական բռնությունը երբեք ընդունելի չէ: Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառման մասնակիցների և բոլոր ամերիկացիների հետ են»,- գրել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփին արագ ապաքինում է մաղթել, իսկ նրա նկատմամբ արձակված կրակոցը որակել ողբերգություն՝ ժողովրդավարությունների համար։ «Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը», - X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցը նույնպես տեղի ունեցածը սպառնալիք է որակել ժողովրդավարության համար։ «Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը նողկալի է։ Նման բռնության գործողությունները սպառնում են ժողովրդավարությանը»,- գրել է նա:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «համերաշխություն» է հայտնել Թրամփին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով օրերս հանդիպել էր Թրամփին, նշել է, որ իր մտքերն ու աղոթքները կապված են ԱՄՆ նախկին նախագահի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ապշած է՝ բռնության մասին լսելով: «Նման բռնությունը արդարացում և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ: Բռնությունը երբեք չպետք է գերակշռի», - ասել է նա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասել է, որ իրենք աղոթում են Թրամփի անվտանգության և շուտափույթ ապաքինման համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես խստորեն դատապարտել է Դոնալդ Թրամփի նկատմամբ կատարված քաղաքական բռնության ակտը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԱՄՆ-ին՝ որպես իր դաշնակցի:
Ինչ վերաբերում է մահափորձի պատճառներին, ապա թեև դեռևս որևէ պաշտոնական վարկած առաջ չի քաշվել, սակայն քաղաքական շրջանակներն ու վերլուծաբանները պնդում են, որ դրա նպատակը Թրամփին քաղաքական գործընթացներից հեռացնելն էր։ Դեռևս նախորդ ամիս կայացած հեռուստաբանավեճից հետո, որում, հարցումների համաձայն, Թրամփը Բայդենի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ էր տարել, նախկին նախագահի վարկանիշը սրընթաց աճում է և ակնկալվում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում կընտրվի հենց նա։
Քաղաքական շրջանակները նաև պնդում են, որ այս մահափորձը միայն բարձրացրել է Թրամփի վարկանիշը, և եթե առաջիկայում որևէ արտառոց զարգացում տեղի չունենա, ապա վերջինիս նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի և հաջորդ տարվա սկզբին կվերադառնա Սպիտակ տուն։
Նկատենք, որ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ահաբեկչությունն ու քաղաքական բռնության ակտերը բացառիկ երևույթներ չեն, և Թրամփը նախագահի առաջին թեկնածուն չէ, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել։ ԱՄՆ-ում մահափորձերի զոհ են դարձել նախկին նախագահներ Լինքոլնը, Հարֆիլդը, ՄակՔինլին և Քենեդին:
ԱՄՆ-ում վերջին աղմկոտ մահափորձը տեղի է ունեցել 1981-ին՝ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ։ Չնայած վերջինս վիրավորվել էր, այնուամենայնիվ նրան հաջողվեց շարունակել իր նախագահությունը, իսկ մահափորձը փաստացի նպաստեց Ռեյգանի շուրջ հասարակական մեծ կոնսոլիդացիային։ Վերլուծաբանները նաև հենց այս իրողությունը հաշվի առնելով են պնդում, որ մահափորձը Դոնալդ Թրամփի վարկանիշի վրա միայն դրական ազդեցություն է ունենալու։
Նախօրեին նման կարծիք է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հրապարակելով Թրամփի բանտային լուսանկարը, որը արվել է 2023-ի օգոստոսին, երբ վերջինս անցել էր ձերբակալման պաշտոնական ընթացակարգը, Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ Թրամփն արդեն հաղթել է ընտրություններում, եթե իհարկե վերջինիս չսպանեն։
Թրամփի կուսակիցները նույնպես կարծում են, որ մահափորձից հետո նախկին նախագահի շանսերը միայն մեծացել են։ Իտալական հեղինակավոր Politico պարբերականի հետ զրույցում հանրապետականները համոզմունք են հայտնել, որ կատարվածը կամրապնդի նախկին նախագահին ընտրողների աջակցությունը, և նոյեմբերի ընտրություններում դա կտա իր արդյունքը:
Այսպիսով՝ Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրապայքարն էլ ավելի թեժ փուլ է մտել, որտեղ նախագահի 2 թեկնածուներն առավելագույն ջանքեր են գործադրելու՝ ընտրողների համակրանքը շահելու և նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Փորձագետները չեն բացառում, որ առաջիկայում Թրամփի նկատմամբ կրկին կարող է մահափորձ իրականացվել, ինչը հետագա զարգացումների վրա լուրջ ազդեցություն կունենա։