Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։
«Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը:
Հուլիսի 4-ին տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ Լեյբորիստական կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը ստանձնելու է երկրի վարչապետի պաշտոնը և ձեւավորելու է կառավարությունը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և երկրի Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ հեռանում է վարչապետի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։