Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
copy image url

Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 

Արտաքին 9 ամիս առաջ - 11:30 02-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար։Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դիվանագետի խոսքերը վերադարձի իրավունքի ապահովման մասին։

Ալիևը շեշտել է, որ պետք է ապահովել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։

«Նախագահն ընդգծել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների համար։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ անցյալ դարում բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջին անգամ՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկական զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ պնդել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները չէին կարող կամ ավելի ճիշտ՝ չէին ցանկանում հասնել հակամարտության կարգավորմանը, նրանք բոլորն էլ ցանկանում էին, որ Հայաստանի կողմից իրականացված օկուպացիան հավերժ շարունակվի»։ Նա ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ առարկայական բանակցությունները սկսվել են 2023 թվականի դեկտեմբերին, քանի որ մինչ այդ Հայաստանը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության պայմանագրի մեջ։

«Դա անընդունելի էր, քանի որ դա մեր ներքին խնդիրն է։ Այսպիսով, անջատողական ռեժիմի լուծարումից հետո բանակցությունները շարունակվում են ընդամենը 6 ամիս՝ դեկտեմբերից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևի խոսքով՝ դա ժամանակ է պահանջում, և խաղաղության պայմանագրի ամենակարևոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ «այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Նա նշել է՝ քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ Երևանն ու Բաքուն բավականին արագ են շարժվում բանակցային գործընթացի շրջանակներում։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների աշխատանքը մի քանի ամսվա ընթացքում: Օկուպացիայի ժամանակ միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո կազմել տեքստը։ Մենք կարծում ենք, որ սա կարող է լինել տարբերակներից մեկը՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված