Չնայած Թբիլիսիի և Կիևի միջև տևական ժամանակ շարունակվող լարվածությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-ից 12-ը Բեռլինում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ համաժողովի շրջանակներում, որը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան, Վրաստանի վարչապետին կուղեկցեն արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցի շուրջ 2 հազար մարդ 60 երկրներից՝ կառավարությունների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր սա Ուկրաինայի վերականգնման հարցով անցկացվող երկրորդ համաժողովն է։ Առաջին համաժողովը կայացել էր 2023 թվականի հունիսի 21-ից 22-ը՝ Լոնդոնում։
Հատկանշական է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Կիևի և Թբիլիսիի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, քանի որ Վրաստանը միայն դատապարտել է ռուսական ագրեսիան և հայտարարել, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին: Թբիլիսին նաև հրաժարվել է Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելուց՝ սահմանափակվելով բացառապես հումանիտար աջակցությամբ։
Օրերս Իրակլի Կոբախիձեն
Ուկրաինան անվանել էր փլուզված երկիր և համոզմունք հայտնել, որ աղետի պատճառը Կիևում 2014 թվականին տեղի ունեցած «մայդանն» էր։ Կոբախիձեն նաև զգուշացրել էր, որ Վրաստանում մայդան և ուկրաինացում չի լինելու ։