Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամ, մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է Պոլսում լույս տեսնող հայկական Ակոս պարբերականը։
Հաղորդվում է, որ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարանի կողմից «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամ նախկին 5 պատգամավորների, այդ թվում Փայլանի նկատմամբ երկրորդ անգամ մեղադրական է ներկայացվել: Քրդամետ կուսակցության պատգամավորները մեղադրվում են Քոբանիի դեպքերի շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի ամբողջականությունը խաթարելու», «37 անգամ մարդ սպանելու» և «31 անգամ մահափորձ իրականացնելու» և ևս այլ 29 հանցանք իրագործելու մեջ:
Մեղադրականում պահանջվել է վերոհիշյալ հանցագործությունների իրականացման համար 5-ից յուրաքանչյուրին դատապարել 19.680-ական տարով:
Նշենք, որ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամների նկատմամբ նույն մեղադրականը ներկայացվել էր նաև նրանց պատգամավորության տարիներին, որը ընթացք չէր ստացել, քանի որ վերջիններս օժտված էին պատգամավորական անձեռնմխելիությամբ։
Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:
Հիշեցնենք, որ Գարո Փայլանը 2015-2023 թվականներին եղել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից։ Նախորդ տարի կայացած համապետական ընտրությունների ժամանակ վերջինս չէր առաջադրել իր թեկնածությունը, քանի որ համաձայն կուսակցության ներքին կանոնադրության համաձայն միևնույն անձը անընդմեջ պատգամավոր կարող է ընտրվել 2 անգամ։