«Ժողվարչապետը» վախեցա՞ծ է․ իր օգտի համար Փաշինյանը պետք է հրաժարական տա
copy image url

«Ժողվարչապետը» վախեցա՞ծ է․ իր օգտի համար Փաշինյանը պետք է հրաժարական տա

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 18:30 28-05-2024
Երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ իր գլխավորած շարժման մի խումբ մասնակիցներով մեկնելու է Սարդարապատ, որտեղ և նախատեսում են գիշերակաց կազմակերպել։

Ըստ երևույթին Սրբազանի և նրա հազարավոր աջակիցների ներկայությամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետն այսօր Սարդարապատում չէր գտնվում։ Ինչպես այդ առիթով ասաց Սարդարապատում գտնվող՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանը՝ «Նիկոլ Փաշինյանը փախուստի մԵջ է։ Վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից։ Այդ մարդն ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա խուսափում է Արցախ անունը տալուց։ Չգիտե՞ք, որ նա ստախոս է»։

Ստախոս թե ճշմարտախոս՝ Նիկոլ Փաշինյանը, ավանդական ժամին Սարդարապատ այցելելու փոխարեն, հրապարակեց Հանրապետության օրվան նվիրված երկարաշունչ և խճողված բովանդակության տեքստ, հետո էլ գնաց նախագահի նստավայր՝ պարգևատրելու մի խումբ զինվորականների։ Ի դեպ, հանրային հարթակներում այս պարգևատրվածներին անվանում են, մեղմ ասած, անարժան՝ նրանց վերագրելով Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու կազմակերպումը։

Սարդարապատում հարգանքի տուրք մատուցելուց և հավաքվածներին դիմելուց հետո Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հարյուրավոր մարդիկ ուղևորվեցին Երևան՝ պլանավորելու հակակառավարական պայքարի անելիքները։ Այդ ընթացքում սոցիալական ցանցերում տարբեր անձինք կատարեցին գրառումներ այն իմաստով, որ Սրբազանի հեռանալուց հետո Փաշինյանը կկարողանա գալ համալիր։

Եվ, ահա, կեսօրից հետո լրատվականները հայտնեցին, որ Փաշինյանն այնուամենայնիվ գնում է Սարդարապատ․․․

Ի՞նչ է սա, «ժողվարչապետի» վա՞խը սեփական ժողովրդից և փախո՞ւստ, կամ գուցե՝ ազգային տոների նկատմամբ արհամարհա՞նք։

Ինչպե՞ս անվանել այս վարքը։ Մի՞թե սա նորմալ է, երբ պետության ղեկավարն այդ աստիճանի համառությամբ չի ուզում առերեսվել սեփական հանրության հետ։

Մարդ, որը ժամանակին խոսում էր ժողովրդի անունից, անվանում իրեն «ընտրված» ղեկավար, հիմա հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է հազիվ կարողանում աշխատավայրից դուրս գալ և մեքենա նստել։
Պարզ և աներկբա է, որ Փաշինյանը ժողովրդական աջակցություն չունի կամ այն շատ քիչ է մնացել։ Լինելով սեփական ժողովրդից այդպես անջրպետված՝ միայն անարժանապատիվ մարդը կարող է շարունակել մնալ կառչած այդ աթոռից, որի պատճառով իր փոքրահասակ երեխան է անգամ տուժվում։
Հենց միայն սեփական բարոյահոգեբանական վիճակը մի փոքր շտկելու համար Փաշինյանը պետք է հրաժարական տա այդ պաշտոնից, էլ չենք խոսում ժողովրդի պահանջի մասին։
Տիգրան Աթանեսյան