Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում մառախլապատ պայմաններում նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» հետևանքով նախագահի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան լուրն առաջացրել է Իսրայելի տարբեր հոգևորականների հրճվանքը։ Վերջիններս արձագանքել են միջադեպին՝ խոսելով, այսպես կոչված, «աստվածային միջամտության» մասին:
Հրեական «The Jerusalem Post» պարբերականը հաղորդում է, որ րաբբի Մեյր Աբութբուլը Ռայիսիին որակել է «Թեհրանի դահիճ» և դատապարտել նրան Իսրայելի ու հրեա ժողովրդի նկատմամբ իր անտագոնիզմի համար:
«Ուստի Աստված ուղղաթիռի վթարի ժամանակ նրան և իր ողջ իսրայելատյաց անձնակազմը հանձնեց քամիներին»,- գրել է նա՝ վթարը «աստվածային պատժի ձև» որակելով։
Րաբբի Նիր Բեն Արցին նույնպես իրադարձությունը կապել է «աստվածային դժգոհության» հետ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Բեն Արցին զգուշացրել է. «Աստված ասաց` բավական է, դուք զայրացրել եք Նրան»:
Րաբբիի կարծիքով՝ միջադեպը «հոգևոր հատուցման» հետևանք էր Ռայիսիի և նրա վարչակազմի գործողությունների համար։
Նրանց հետ համակարծիք է նաև րաբբի Յիցչակ Բացրին, որն իր մտքերով կիսվել է սոցիալական ցանցերում՝ Ռայիսիին «համեմատելով աստվածաշնչյան չարագործ Համանի հետ»:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում` երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։