Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհավորելով նրան և հույս հայտնելով, որ Հարությունյանի մոտ կստացվի այդ ծանր աշխատանքը։
Այնուհետև Հարությունյանը զեկուցեց, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես Երևան քաղաքում մեկնարկել է փոսային նորոգման ծրագրի աշխատանքները։ «Ծրագրով նախատեսված է 104․000 մ 2 փոսային նորոգման աշխատանքների ծավալ, որից 75․000 քմ այս պահին արդեն արված է, բայց հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները և այդ ծավալի անձրևաջրերը՝ ունենք խնդիր։ Հաշվի առնելով, որ 70%-ն արդեն արվել է, բայց փաստացի կան փոսեր»։
Հարությունյանի խոսքով՝ հունիսի 1-ից նախատեսվում է մեկնարկել ասֆալտապատման միջին նորոգման ծրագիրը։