«Երաշքիխը մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Սա շատ էական հանգամանք է»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքան է հավանականությունը, որ 4 գյուղերի զիջումից հետո Ադրբեջանը չի ներկայացնի նոր հավակնություններ այլ հատվածների նկատմամբ։
Նա շեշտեց, որ 2021 և 2022 թթ․ իրադարձությունները շատ դեպքերում միջազգային հանրությանը ներկայացվել են հենց 4 գյուղերի համատեքստում․ փորձ է արվել օգտագործել այդ գյուղերը՝ ցույց տալու համար, որ Հայաստանն է, որ գործում է լեգիտիմության սահմաններից անդին։
«Մենք եկել ենք եզրակացության, որ Հայաստանի անվտանգության փլուզվող միջավայրում որն է այն գործոնը, որը պետք է հնարավորություն տա իր վրա հենվել և անվտանգային նոր համակարգ ստեղծել։ Մենք եկել ենք այն եզրակցության, որ այդ գործոնը լեգիտիմությունն է»,-ասաց վարչապետը։
Հարցին, թե որ հատվածներում է շարունակվելու սահմանագծումը, Փաշինյանը նկատեց, որ լուծվելու է սահմանգծվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, որից հետո նոր հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականության հարցում։
«Մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցող սահմանները Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ինչո՞ւ Ալմաթիի, որովհետև այն ունի 2 նշանակություն․ դրանով Խորհրդային Միության 15 հանրապետությունները պայմանավորվել են 2 հարցում․ առաջին՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և Խորհրդային Միության մեջ մտնող պետությունները հռչակվում են ինքնիշխան պետություններ՝ ճանաչելով Խորհրդային Միության մեջ գոյություն ունեցող սահմանները՝ որպես պետական սահման՝ արձանագրելով դրանց անխախտելիությունը»,-ասաց նա։