Ինչու տարածքների հանձնումն ու ընդունումը միաժամանակ չեն կատարվում․ քարտեզագետի մտահոգությունը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:40 11-04-2024
«ՀՀ զինված ուժերը 1992 թվականին Տավուշի հատվածում տարածքներ գրավեցին, որպեսզի մեր ճանապարհը, որն անցնում էր Ադրբեջանի տարածքով, կարողանայինք անցնել, թե չէ՝ ադրբեջանցիները կրակում էին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

«Այդ տարածքները Խորհրդային միության կողմից իրենց տրվել էին 1920-ական թվականներին։ Մերոնք գրավեցին, քանի որ Այրում գյուղի միջով է անցնում սահմանը՝ ճանապարհը։ Ինչպե՞ս կարող է սահմանը գյուղի միջով անցնել, և գյուղը 2 մասի բաժանել։ Դրա համար մերոնք գրավեցին, որպեսզի Հայաստան-Վրաստան գնացող բեռնատարները կարողանային ապահով անցնել, քանի որ այն ժամանակ կրակում էին դրանց վրա»,- հավելեց քարտեզագետը։

Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ եթե ՀՀ գործող իշխանությունը համաձայնի 1991 թվականի քարտեզներով սահմանազատման աշխատանքներ իրականացնել, և հայկական զորքը դուրս է գալու նշված հատվածից, ապա նշված հատվածում կրկին նույն խնդիրներն ունենալու ենք։

Քատեզագետը մեկ այլ կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չի ճանաչում 1991 թվականի քարտեզները։

«Եթե Ալիևը չի ճանաչում 1991 թվականի քարտեզը, ապա ինչո՞ւ է այս գյուղերն ուզում, նշված տարածքներն այդ թվականի քարտեզներով են իրենը։

Իսկ եթե ճանաչում է, ապա նույն 1991 թվականի քարտեզներով՝ Ադրբեջանը ներխուժել է Սյունիքի մարզի տարածք և բարձունքներ գրավել։ Եթե Տավուշի պարագայում ընդունում է 1991 թվականի քարտեզը և պահանջում 4 գյուղերը, ապա նույն քարտեզներով Սյունիքի մարզի տարածքները պետք է մեզ վերադարձնի։

Մենք Տավուշի այդ հատվածներում պաշտպանական դիրքեր ենք կառուցել։ Ադրբեջանը գիտի, որ այդ դիրքերն այնքան հզոր են, որ չի կարող հաղթահարել։ Դրա համար ուզում է այս ձևով գա և չեզոքացնի մեր պաշտպանական գիծը։

Եթե մենք այսօր Տավուշի այս տարածքները տանք, Ալիևը կասի՝ Սյունիքի տարածքները չեմ վերադարձնում ձեզ։ Դրա համար այս գործընթացը համատեղ պետք է արվի՝ 1 փաթեթով, և փաթեթը պետք է երաշխավորի չեզոք երկիր, եվրոպական երկիր, ոչ Ռուսաստանը»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված