Բրյուսելյան փորձություն է սպասվում․ ի՞նչ հավակնոտ օրակարգ կընտրի ՀՀ-ն
copy image url

Բրյուսելյան փորձություն է սպասվում․ ի՞նչ հավակնոտ օրակարգ կընտրի ՀՀ-ն

Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 13-02-2024
Բրյուսելում փետրվարի 13-ին մեկնարկող ՀՀ-ԵՄ բանակցությունները հավակնոտ օրակարգի հնարավորությունների շուրջ արտաքին քաղաքական փորձություն են ՔՊ-ական իշխանության համար։ Կա՛մ կապացուցվի, որ ՔՊ-ական իշխանությունը ռուս-թուրքական շահեր է սպասարկում, կա՛մ ՀՀ-ԵՄ գործակցությունը կխորանա և Արցախի ինքնորոշման հարցը կրկին կբերվի օրակարգ։

The Telegraph-ում փետրվարի 11-ին հրապարակված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Եթե այս դիրքորոշումն իրականությանը համապատասխանում է, ապա ԵՄ դիրքերը ՀՀ-ում կընդլայնվեն, ԵՄ քաղաքացիական դիտորդների կողքին կհայտնվեն ռազմական կցորդներ։ Չի բացառվում, որ ՀՀ-ն կհայտարարի եվրաինտեգրացիայի խորացման, ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի պարզեցման ժամկետների մասին, իսկ ԵՄ-ն կխոստանա ներդրումներ կատարել, դրամաշնորհներ տրամադրել ժողովրդավարական բարեփոխումների համար, մատակարարել սպառազինություն և այլն։

Կա նաև հակառակ կարծիք, որը խարսխվում է Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph-ին տված արած մեկ այլ հայտարարության վրա, թե ՔՊ-ական իշխանությունն ընտրել է տարածաշրջանացումը որպես արտաքին քաղաքականության ուղեգիծ։ Այս դեպքում հնարավոր է՝ Արարատ Միրզոյանը մերժի ԵՄ առաջարկներն ու մնա ռուս-թուրքական տարածաշրջանային շահերի սպասարկման շրջանակում, աջակցի տարածաշրջանային 3+2 նախագծի նպատակներին, որոնք միտված են Եվրամիությանն ու Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելուն։ Այս նպատակին են ուղղված նաև Ադրբեջանի զուգահեռ քայլերը, որոնք լարվածություն առաջացրին։

Փետրվարի 12-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին Զանգելանի (Կովսականի) ուղղությամբ հայկական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին։ Նշվեց, որ հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Պետական սահմանապահ ծառայության մեկ սպա։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հերքեց այս լուրը, նշելով, որ նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Կասկած կա, թե սադրանքը կազմակերպել են ռուսները, քանի որ նրանք են այսպես ոչված «Զանգեզուրի միջանցքի, հինական շահառուն և մտավախություն ունեն, որ կզրկվեն ՀՀ-ի նկատմամբ քաղաքական ազդեցությունից ու վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից։

Մինչ այդ Բաքվում ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Գերատեսչությունում դիվանագետին դժգոհություն են հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: Բաքուն, ակնհայտորեն՝ մտահոգված է ՀՀ-ԵՄ գործակցության զարգացմամբ, որի արդյունքում ՀՀ-ն կփորձի բարձրացնել ՀՀ պաշտպանունակությունը, իսկ ԵՄ-ն, ենթադրաբար, կփորձի խոչընդոտել ռուս-թուրք-ադրբեջանական հակաքաղաքակրթական նկրտումներին։

ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի մաս է նաև Արցախի հարցը։ ԵՄ-ն բազմիցս է բարձրացրել արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի և անվտագնության միջազգային երաշխիքների հարցը։ Ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրության վերջին վրջանի ամենամեծ նաճումը Արցախի զավթումն է։ Նրանց շատ է մտահոգում, որ Արևմուտքն ու ԵՄ-ն կարող են մտնել Արցախ, խլել իրենց նվաճումն իրենց ձեռքից։ Հարկ է ընդգծել, որ այսպիսի զարգացումը հնարավոր է, երբ արցախցիները ինքնորոշման իրավունքի դրոշ կբարձրացնեն և կմերժեն ռուսական միջնորդությունը։ Իսկ եթե հաշտվեն Արցախի կորստի հետ, ապա ոչինչ չի փոխվի։

ՀՀ-ԵՄ բանակցություններից հետո նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի համատեղ ասուլիսը։ Ակնկալվում է, որ Միրզոյանը կրկին կխոսի ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականության մասին։ Իսկ Բորելը ԵՄ անունից կխոստանա աջակցել ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը, մատ թափ կտա Ադրբեջանի և նրա դաշնակիցների՝ Թուրքիայի և Ռուսաստանի ուղղությամբ։ ՀՀ-ի դեմ հավանական ագրեսիան կանխելու ուղղությամբ ԵՄ ջանքին կարող են հետևել նաև ԱՄՆ հավակնոտ օրակարգով բանակցությունները, որոնցից հետո, հավանաբար՝ նաև ԱՄՆ-ն կհայտարարի ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հանձնառությանը հավատարիմ մնալու մասին։

Այնպես որ՝ Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծողները պիտի լավ կշռեն ռիսկերը։ Չի բացառվում, որ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն լրիվ դուրս կմղվի այստեղից, իսկ Ադրբեջանի գոյությունը կդադարի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված