ՀՀ դե ֆակտո իշխանությունները երաշխավորում են Ադրբեջանին, որ Արցախի նկատմամբ որևէ հավակնություն չի լինելու
copy image url

ՀՀ դե ֆակտո իշխանությունները երաշխավորում են Ադրբեջանին, որ Արցախի նկատմամբ որևէ հավակնություն չի լինելու

Ներքին 1 տարի առաջ - 20:57 31-01-2024
Կրթության նախարարությունը մտադիր է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։
Կառավարության որոշման նախագիծը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, առաջացրել է հանրային մեծ արձագանք և լայն դժգոհություն։

Նախագիծն ակտիվ քննադատողներից է Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ում հետ զրուցել է Oragir.News-ը՝ խնդրելով մեկնաբանել, թե ի վերջո ինչ նպատակ ունի նմանօրինակ նախագծի ընդունումը։

«Փորձել Հայաստան հասկացությունը նույնականացնել Հայաստանի Հանրապետության հետ՝ նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի սահմանները, այսինքն՝ 29800 քառակուսի կիլոմետր տարածքը․․․»,-համոզմունք է հայտնել գիտնականը։


Անդրադարձ կատարելով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված այն մտքին, թե «հայրենիքը պետությունն է», Մենուա Սողոմոնյանը համոզված է, որ «Հայոց պատմության» վերանվանումն այդ գաղափարի զարգացումն է։

«Նրա արտահայտած այդ միտքը մինչև դպրոց հասցնելն է, որ դպրոցականների մոտ ազգային-պետական ինքնությունը պարփակվի 29800 քառակուսի կիլոմետրի սահմաններում, այսինքն՝ օրինակ, Արցախը, Արցախի հարցը, դպրոցականների համար կարևորություն չներկայացնեն, որպեսզի հետագայում երիտասարդության մեջ ազգային ինքնությունը բարձր չլինի։ Սա իրենց խոստացած երաշխիքն է Ադրբեջանին, որ երբեք չեն հավակնի Արցախին և նման քայլերով ցույց են տալիս, որ կատարում են այդ հանձնառությունը»,-ասաց Սողոմոնյանը։

Մեր զրուցակցին հարցրինք՝ ինչպիսին կլինի ապագա դասագրքի կառուցվածքը․ այնտեղ արդյոք կներառվեն միայն այն ժամանակաշրջանները, երբ Հայաստանն ուներ պետականություն։

«Դժվար է ասել, թե դասագրքի բովանդակությունն ինչպիսին կլինի, բայց մեզ փոքր հասակից ներարկել են, որ որպես ժողովուրդ՝ մենք ձևավորվել ենք Հայկական լեռնաշխարհում․․․ Այդ գաղափարը դրվել է ամենասկզբից։ Նաև ազատագրական պայքարի, մասնավորապես Արցախյան շարժման դասերն են ներառվել գրքերում՝ ցույց տալով, որ հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության ու պատմական հայրենիքում ապրելու համար։ Այս փոփոխությունը կատարելով՝ փաստորեն նպատակ է դրվում, որ 29800-ով մատաղ սերնդի համար չքանա Հայոց պատմության ուսումնասիրման կարևորությունը, կորչի Հայկական լեռնաշխարհի հետ հոգևոր-մշակութային կապը, որ երեխաներն իրենցը չհամարեն Արցախը, Նախիջևանը․․․ Մեր ազգային և պետական իրավունքները ոտնահարում են, իսկ ի պատասխան դրա՝ մեր մատաղ սերնդի հիշողությունն է ջնջվում, թուլանում Սփյուռքի հետ կապը, որպեսզի սփյուռքահայը յուրային չընկալվի»,-նշեց պատմաբանը։

Տիգրան Աթանեսյան