Վարչապետի փոփոխությամբ Վրաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի
copy image url

Վարչապետի փոփոխությամբ Վրաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 30-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին՝ շուրջ 3 տարվա պաշտոնավարումից հետո, հրաժարական ներկայացրեց՝ հայտնելով, որ առաջարկ է ստացել գլխավորել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ընդունել է։ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի փետրվարից, որը նրա երկրորդ պաշտոնավարումն էր. առաջին անգամ նա պաշտոնավարել է 2013-2015 թվականներին։

Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում կփոխարինի «Վրացական երազանք»-ի ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ այս փոխատեղումը սպասելի էր, և այն կապված է այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Նրա խոսքով՝ սա Վրաստանի իշխող կուսակցության ներսում տեղի ունեցող վերադասավորումների արդյունքն է, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ նախորդ տարեվերջին Բիձինա Իվանիշվիլին ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ։

«Այս փոփոխությունները և կուսակցության ներսում կադրային նոր քաղաքականությունը, որն արդեն Իրակլի Ղարիբաշվիլին կիրականացնի, երբ վաղվա նիստում ընտրվի կուսակցության նախագահ, ներքաղաքական պրոցեսների արդյունքն են։ Կառավարության ձևավորումից հետո արդեն Կոբախիձեն այս նոր թիմով կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։

Մելիքյանը նկատում է, որ Վրաստանի վարչապետի փոփոխության հարցում արտաքին գործոններ նույնպես կային, սակայն դրանք որոշիչ չեն եղել։ Ըստ նրա՝ այս հարցում որոշիչ դեր են ունեցել Վրաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսները՝ մասնավորապես իշխող քաղաքական թիմի ներսում։

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո Վրաստանում 2-3 տարին մեկ անգամ վարչապետ է փոփոխվում, մեր զրուցակիցը նշեց, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կոլեգիալ մարմին ունի, որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, ով իր ազդեցիկ խոսքն ու դերն ունի բոլոր գործընթացներում, նրան բոլորը հարգում են, ինչը ոչ ոք չի թաքցնում։ «Այս պարագայում ինքն իր ազդեցությունն ունի, կոլեգիալ մարմինն իր լիազորություններն ունի, և պարբարաբար, երբ ինչ-որ հարցերի շուրջ լինում է կոնսենսուս, կամ առաջարկ, արդեն քննարկումների արդյունքում որոշվում են կադրային փոփոխությունները»,- ասաց նա։

Վրացագետն ընդգծեց՝ հարևան երկրում արդեն ձևավորված քաղաքական ձեռագիր կա, ու երբ ընտրություններից առաջ իշխող քաղաքական թիմը տեսնում է՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների շրջանում որոշակի դժգոհություններ ու մտահոգություններ կան, փոխվում է վարչապետը, թարմացվում է կառավարության կազմը և դրանցից հետո գնում են ընտրությունների։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ «Վրացական երազանք»-ին հաջողվել է 2 անգամ վերընտրվել և այս անգամ քաղաքական ուժը փորձելու է 3-րդ անգամ վերընտրվել, որն աննախադեպ է Վրաստանի երրորդ հանրապետության շրջանում, բայց արդեն իրականություն.

«Մենք տեսնում ենք, որ Վրաստանում երբեք ոչ մի կուսակցություն 2 ժամկետից ավել իշխանության չի մնացել, սակայն այս իշխանություններն ավարտում են 3-րդ ժամկետը և հավակնում են 4-րդ անգամ ստանձնել իշխանությունը»։

Մեր հարցին, թե ինչ քաղաքականություն կարող ենք ակնկալել Վրաստանի նոր վարչապետից, մասնավորապես տարածաշրջանային հարցերի ու հայ-վրացական հարաբերությունների համատեքստում՝ Ջոնի Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Իրակլի Կոբախիձեն ավելի պահպանողական գործիչ է, արտաքին քաղաքականության բնագավառում ակտիվությամբ աչքի չի ընկել, ուստի միգուցե արտաքին քաղաքականության մեջ ավելի զուսպ կլինի։ «Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեմ ակնկալում, քանի որ փոխվում են անձերը, ոչ թե իշխող քաղաքական ուժը։ Վրաստանի իշխող կուսակցությունը 2012 թվականից ունի իր ուրույն արտաքին քաղաքականությունը, ժամանակի ընթացքում որոշ էլեմենտեր ավելացել են դրան, տարբեր վարչապետների շրջանում ինչ-որ կոսմետիկ, կամ ոչ այդքան ռազմավարական հարցերում փոփոխություններ, կամ ներդրումներ կատարել են, սակայն ընդհանուր արտաքին քաղաքականությունը չի փոխվել»,- նշեց նա։

Անդրադառնալով հեռացող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Մելիքյանը ընդգծեց, որ նա թե՛ հայ-վրացական հարաբերություններում է նոր փաստաթուղթ ու առհասարակ նոր որակի հարաբերություններ թողնում, թե՛ Վրաստան-Չինաստան հարաբերություններում։ Նրա կարծիքով՝ նոր վարչապետը գուցե այդքան ակտիվ չլինի, կամ լինի, դեռևս հստակ հնարավոր չէ ասել, բայց նոր իշխանությունը՝ նոր ԱԳ նախարարի գլխավորությամբ, կշարունակի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

«Ես չեմ սպասում, որ տարածաշրջանային ու համաշխարհային բարդ պրոցեսների ֆոնին պասիվ արտաքին քաղաքականություն վարելու շռայլություն կունենա։ Ուստի նոր վարչապետը և քաղաքական թիմն ինչ հատկություններ էլ ունենան, իրենք պարտավոր են լինելու պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարել՝ իրենց երկրի համար թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,- ասաց նա։

Ջոնի Մելքիքյանը նաև կարևորեց, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր ճանաչվելուց հետո Վրաստանը պետք է կարողանա հնարավորինս սեղմ ժամկետում իրագործել իր առջև դրված նախապայմանները, որպեսզի կարողանա Ուկրաինայի և Մոլդովայի նման անդամակցության բանակցություններ սկսել։ Նա հավելեց, որ դա երկար, ժամանակատար և քաղաքական խնդիրներ պարունակող պրոցես է, բայց իրենք շարունակելու են այս ուղղությամբ աշխատել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում