Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին կանչել էր հանդիպման, բայց ինքը չէր եկել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:25 30-01-2024
Մի խումբ ուսուցիչներ, որոնք շաբաթներ առաջ աշխատանքից ազատման հրամաններ էին ստացել, այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում ուսուցիչներից մեկն ասաց, որ դեռևս օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ իրենց կընդունի, սակայն այսօր ուսուցիչներին հրավիրել է նախարարություն, իսկ ինքը չի եկել։

«Մենք դիմել ենք խնդրանքով, որ մեզ թույլ տան շարունակել մեր աշխատանքը և մասնակցել ատեստավորմանը երկրորդ անգամ, ինչպես հնարավորություն են տվել բարձրագույն ավարտներին, մերը միջնակարգ մասնագիտական է։ Կրթության նախարարը օրն ու ժամը նշանակել էր, այսօր եկել, այս ցրտին կանգնել ենք, իսկ նախարարը տեղում չէ»։

Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն, արդյոք բողոքի ակցիաներ իրականացնելով ինչ-որ փոփոխության կարող են հասնել, ուսուցիչներից մեկն ասաց․ «Մինչ այս պահը հույս ունեինք, բայց այսօրվա վերաբերմունքից արդեն ոչ մի ակնկալիքներ չունենք»։

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն և անցած տարեսկզբին ընդունված օրենքով նրանք պետք է բարձրագույն կրթության դիպլոմ ունենան՝ դպրոցում դասվանդելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։