Ոչ թե Ուկրաինայի հաղթանակը, այլ Պուտինի հեռացումը. Բայդենի նոր ծրագիրը
copy image url

Ոչ թե Ուկրաինայի հաղթանակը, այլ Պուտինի հեռացումը. Բայդենի նոր ծրագիրը

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:30 19-12-2023
Տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում Ուկրաինային տրամադրվող աջակցության հարցը ներքաղաքական սուր քննարկումների և բանավեճերի պատճառ է դարձել։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնություն են կազմում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հրաժարվում են աջակցել աջակցության նոր փաթեթի հաստատմանը, իսկ իշխող դեմոկրատներն էլ պնդում են, թե դրանով հանրապետականները նպաստում են Ռուսաստանի հաղթանակին։

Նախօրեին էլ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի, քանի որ այդ երկրին աջակցելուն ուղղված ռեսուրսները սպառվում են։ Նրա խոսքով՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայտնեց, որ սա չի լինի Ուկրաինային տրամադրվող վերջին փաթեթը, այլ կլինի վերջինը այն փաթեթի շրջանակներում, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից։ Նրա խոսքով՝ կան նաև օգնության այլ փաթեթներ, որոնց մասին Բայդենի վարչակազմն արդեն անոնսել է, որ կգնան հաստատման հաջորդ տարվա համար։

«Դեռևս պարզ չէ, թե ԱՄՆ Կոնգրեսը դրանց երբ կանդրադառնա, և այդ փաթեթներն ինչպիսի ծավալներ կունենան, հատկապես այն դեպքում, երբ հաջորդ տարին Միացյալ Նահանգներում ընտրական է»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ օգնության ծավալների նվազեցման հետևանքով ռուս-ուկրաինական ճակատում որոշակի սառեցում տեղի կունենա։ Նա ընդգծեց, որ ռուսներն ավանդաբար ձմեռվա հետ կապված որոշակի հույսեր են կապում, բացահայտ խոսում են, որ պատրաստվում են որոշ ուղղություններով հարձակման անցնել, սակայն ուկրաինական կողմին կհաջողվի դիմակայել։

«Կարծես թե այն ծավալը, որն այս տարվա ընթացքում արդեն տրամադրվել է Ուկրաինային, և վերջին փաթեթը, որն առաջիկայում տրամադրվելու է, դրան գումարած՝ Եվրոպայի կողմից տրամդրվող աջակցությունը բավարար կլինեն մինչև գարուն լուրջ փոփոխություններ թույլ չտալու համար։ Իսկ թե գարնանն ինչ տեղի կունենա, ինչպես ասացի, կախված կլինի և՛ Միացյալ Նահանգներում, և՛ որոշ եվրոպական երկրներում ընթացող գործընթացներից։ Չմոռանանք նաև, որ գարնան սկզբին շատ կարևոր գործընթաց է տեղի ունենալու նաև Ռուսաստանում. նախագահական ընտրություններ են»։

Հարցին, թե հնարավո՞ր է նման կերպ Վաշինգտոնը Զելենսկու վարչակազմին դրդում է բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, ինչից նա տևական ժամանակ հրաժարվում է, քաղաքագետը պատասխանեց, որ համաձայն չէ նման դիտարկման հետ, քանի որ ԱՄՆ-ն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումներ ունի։ Նա կարծում է՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ոչ թե Ուկրինայի հաղթանակը, ինչի մասին ակնարկում են որոշ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներ, այլ ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի իշխանության փոփոխությունը։ «Այն վիճակում, որն այսօր գոյություն ունի ռազմաճակատում, Զելենսկուն բանակցությունների դրդելն ընդհանրապես չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Ուստի կարծում եմ, որ նման ենթադրությունը հիմքեր չունի»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է այս որոշումից հետո ռազմաճակատում Ռուսաստանի կողմից հաջողություններ արձանագրելու հնարավորությանը, ապա Ղևոնդյանը նշեց, որ ռուսները որոշակի պլաններ ունեն և խոսում են այդ մասին։ Նա հիշեցրեց, որ վերջերս բավականին մեծ շուքով խոսում էին Արտյոմովսկ քաղաքում (Բախմուտ-խմբ) ինչ-որ շրջան գրավելու մասին՝ նշելով, եթե խոսքը նման կարգի հաջողությունների մասին է, ապա հնարավոր է, սակայն էական փոփոխությունների հասնելու հնարավորություն ՌԴ-ն չունի։

Ղևոնդյանը հավելեց՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանում ռեսուրսների անբավարարություն կա, իսկ մյուս կողմից էլ՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունն այնուամենայնիվ չի դադարում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված