Վահան Քերոբյանի կյանքի դասերը․ պետությանը պատկանող ՓԲԸ-ն աշխատավարձեր չի վճարում և պատրաստվում է սնանկության
copy image url

Վահան Քերոբյանի կյանքի դասերը․ պետությանը պատկանող ՓԲԸ-ն աշխատավարձեր չի վճարում և պատրաստվում է սնանկության

Ներքին 1 տարի առաջ - 21:00 15-12-2023
«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ աշխատակից, գիտություների թեկնածու Կարինե Սառիկյանի դուստրը՝ Ժաննա Մելիքյանն ահազանգում է, որ նշված հաստատության տնօրեն Գայանե Սարգսյանը չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը։

«Տնօրեն Գայանե Սարգսյանի ապաշնորհ ղեկավարման արդյունքում իրենց գործի նվիրյալ վաստակաշատ գիտնականները կա՛մ վճարվում են մասնակի, կա՛մ առհասարակ աշխատավարձ չեն ստանում, ինչի հետևանքով տարեցտարի կուտակված պարտքը շարունակում է աճել։ Տնօրենը լռեցնում է աշխատակիցներին՝ աշխատանքից հեռացնելու, գիտական թեմաների մեջ ներառումից զրկելու սպառնալիքներով։ Շարունակաբար տալով սին խոստումներ՝ անօրինաբար շարունակում է մսխել գումարները։ Իմ մայրը 25 տարի աշխատում և իր գիտական գործունեությունն է ծավալում վերը նշված հիմնարկությունում։ Նրա նվիրյալ աշխատանքը, համաշխարհային ամենաբարձր ամբիոններում մեր երկիրը պատվով ներկայացնելը փաստված են։ Սակայն այսօր, երբ վերջապես տարիներ շարունակ գրոշներ վաստակող գիտնականները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանային, կրկին գոյատևում են, քանի որ չեն վճարվում։ Միայն այս տարվա հոկտեմբեր ամսից մինչ այսօր 1․000․000 դրամ չվճարված աշխատավարձ ունի մայրս և այս օրինակով մյուս բոլոր աշխատակիցները։ Տարիների հաշվարկով գումարները ահռելի են։ Ես պահանջում եմ քննել այս հարցը, վճարել առանց օրվա հացի մնացած մարդկանց գումարները, պարզել՝ ինչպիսի ճանապարհով, ում հովանավորմամբ է նման ղեկավարման որևէ հմտություն չունեցող անձը կրկին վերընտրվում տնօրենի պաշտոնում և տանում պետական նման կարևոր հիմնարկությունը դեպի սնանկացում»,- նշում է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ աշխատակցի դուստրը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Գայանե Սարգսյանի հետ, վերջինս պատասխանեց, որ ընկերության հաշիվները սառեցվել են, ինչն էլ պատճառ է հանդիսացել՝ 1 ամսվա աշխատավարձը չվճարելու։

«Ես արձակուրդում եմ եղել, և այդ ժամանակ ընկերության հաշվի վրա ԴԱՀԿ-ն կալանք է դրել։ Ես այսօր առաջին օրն եմ դուրս եկել աշխատանքի, հիմա աշխատում ենք, որ այդ կալանքը բացվի, մարդիկ աշխատավարձ ստանան։ Ամբողջ հիմնարկի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել, այնպես չէ, որ մի հոգին չի ստացել, բոլորը 1 ամսվա աշխատավարձ չեն ստացել, պարզապես աշխատավարձերը գոյացել են տարբեր ծրագրերից, դրա համար մեծ են։ Քանի որ կալանք է դրված հաշվի վրա, ոչ մի ֆինանսական վճարում չէինք կարող անել»,- պարզաբանեց հաստատության տնօրենը։

Ճշտող հարցին՝ ինչի համար է կալանք դրվել ընկերության հաշվի վրա, Գայանե Սարգսյանը պատասխանեց․ «Կալանքը դրվել է ԴԱՀԿ-ի կողմից՝ գազի սպառման գումարների համար։ Հիմա աշխատում ենք դա բացել, որպեսզի կարողանանք աշխատավարձ տալ։ Ինչ վերաբերում է նրան, որ երկար տարիներ գումարներ չեն վճարվել, նման բան չկա, ոչ էլ ինչ-որ միտում կա, խնդիրը նա է, որ հաշիվը կալանքի տակ է եղել, գումարը չի հերիքել, որ աշխատավարձ տանք»։

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներ Անահիտ Հարությունյանն ու Գայանե Սողոմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում հակադարձեցին հաստատության տնօրենին։

Տիկին Անահիտը նշված հաստատությունում աշխատում է 7 տարի, ասում է՝ չնայած որ պայմանագիր ունեն կնքած և աշխատավարձերը քարտով են ստանում, առաջին ամսվանից էլ միշտ պակաս են վճարվել։

«Ես որպես բանվոր եմ գրանցված, մեր աշխատանքը սկսվում է մարտից, ավարտվում է դեկտեմբերին։ Ձմռան 3 ամիսներին չենք աշխատում։ Վարձատրվում ենք օրականով, օրը՝ 5000։ Բայց ամեն ամիս մեր աշխատավարձերը պակաս ենք ստացել, 30․000 դրամ, 40․000 դրամ, լավագույն դեպքում՝ 70․000։ Նախորդ տարի դեկտեմբերին, երբ պարտքերը հաշվարկեցին, ինձ 700․000 դրամ պարտք էին․․․»,- խնդիրը ներկայացրեց աշխատակիցը։

Հաստատության աշխատակիցներից տիկին Գայանեն ևս նշեց, որ տարիներ շարունակ աշխատավարձի չնչին մասն են վճարել։

«3-4 տարի է աշխատում եմ այստեղ, միշտ պակաս են վճարել։ Ինձ մոտավորապես 600․000 դրամ պարտք են, չգիտեմ, թե երբ կվճարեն»։

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ բաժնի վարիչ Գոհար Կիրակոսյանն էլ ասաց, որ բացի նախկին պարտքերից՝ ընկերությունն իրեն չի վճարել նաև այս տարվա նախորդ 2 ամիսների աշխատավարձերը, ինչպես նաև արձակուրդայինի գումարը։ Նրա խոսքով՝ անգամ ֆիզարձակուրդի գումարն են կիսատ վճարել․ «Իմ բալիկը փետրվարին կլինի 4 տարեկան, բայց ֆիզարձակուրդի գումարը դեռ կիսատ եմ ստացել։ Միայն վերջին 2 ամսվա աշխատավարձը մոտավորապես 600․000 դրամ է, գումարած դրան ամեն ամիս մենք ստանում ենք 18․000 դրամ հավելավճար, դրան գումարած 10 օրվա չվճարված արձակուրդային, հին պարտքեր, մոտ 600-700 հազար դրամ։ Ամբողջը միասին մոտ 1․300․000 դրամ պարտք են ինձ, գուցե ինչ-որ բաներ էլ չեմ հիշում»։

Դիտարկմանը՝ ծանո՞թ է այն խոսակցություններին, որ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի ընկերությունը սնանկ ճանաչվի, աշխատակիցը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

Oragir.News-ը կրկին կապ հաստատեց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Գայանե Սարգայանի հետ, վերջինս իր աշխատակիցների բողոքներին այսպես պատասխանեց․ «Երկուշաբթի եկեք, մենք հիմնովին կբացատրենք»։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության, որի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Կազմակերպությունը սկզբում գտնվում էր Գյուղատնտեսության, ապա նրա լուծարումից հետո Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, բացի նրանից, որ մի անգամ իր ղեկավարած կազմակերպությունը՝ «Սթար» սուպերմարկետների ցանցը, տարել է սննկացման, նաև նախարար դառնալուց հետո իր հետ հանդիպած քաղաքացիներին կոչ էր անում օգտվել սննկացման հնարավորություններից։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ