Թուրքական TGRT լրատվական ծառայության միջազգային լուրերի բաժնի ղեկավար Էմրե Դիներին երեկ Հանրային հեռուսաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության գործընթացը դանդաղում է, քանի որ բանակցություններին Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից բացի մասնակցում են նաև այլ երկրներ։
«Հայստանը պետք է անի հետևյալը․ պետք է ասի՝ ո՛չ, սա իմ խնդիրն է, և այդ խնդրի մասին կխոսեմ այն երկրների հետ, ում հետ ունեմ խնդիր։ Հայաստանը անկախ երկիր է, դուք եք որոշումներ կայացնում, դուք ունեք բանակ, այսինքն՝ դուք պետք է քաղաքականությունը վարեք, և վերջին շրջանում ձեր վարած անկախ քաղաքականությունը իսկապես շատ հաճելի է, և այն կնպաստի, որ որոշումները ավելի արագ կայացվեն։ Եթե ինչ-որ հանդիպում լինի, Հայաստանը պետք է չասի, որ Ֆրանսիան էլ պետք է ներկա լինի այդ հանդիպմանը, անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը լինի այդ սեղանի շուրջ»- ասել է Էմրե Դիներին։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն
Oragir.News-ի հետ զրույցում այս հայտարարությունը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Թուրքիան և Ադրբեջանն ունեն իրենց պայմանները, իրենց ասած՝ «խաղաղության» պայմանները։ Իրենց պետք է Սյունիքը, ինչի մասին Ալիևը վերջերս ասաց, որ առանց ստուգման՝ ճանապարհ պետք է գնա թուրքական աշխարհ ստեղծելու համար, այսինքն՝ մինչև Սյունիքը չվերցնեն, խաղաղություն չի լինի»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործող կառավարությունը թուրքական և ադրբեջանական ազդեցության գոտի է ցանկանում մտնել։