Անկարան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և F-16 համակարգերի փոխանցման հարցում ԱՄՆ-ի հետ համերաշխության հույս ունի
copy image url

Անկարան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և F-16 համակարգերի փոխանցման հարցում ԱՄՆ-ի հետ համերաշխության հույս ունի

Արտաքին 1 տարի առաջ - 11:46 09-12-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույսը դնում է ԱՄՆ-ի համերաշխության և փոխադարձության վրա՝ իր երկրին F-16 կործանիչներ վաճառելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Մեջլիսի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության վավերացման։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Դուք ասում եք, որ F-16-ի հարցում քայլ կանեք այն բանից հետո, երբ այն կլուծվի Կոնգրեսում։ Իսկ ես ունեմ խորհրդարան, և չեմ կարող նման քայլի գնալ, քանի դեռ վավերացման արձանագրությունը չի անցել իմ խորհրդարանում։ Եթե ​​մենք ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ ենք, ապա եկեք ամեն ինչ անենք միաժամանակ՝ ի նշան համերաշխության։ Մեր խորհրդարանը ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Էրդողանը լրագրողներին` վերադառնալով Հունաստանից, որտեղ նա պաշտոնական այցով այցելել էր դեկտեմբերի 7-ին։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ` իր գործող ինքնաթիռների համար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են անում նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ տեխնիկական մակարդակով բանակցություններն ավարտվել են, և Անկարան ակնկալում է հարցի դրական լուծումը։

Դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները դեռ չեն վավերացրել միայն Հունգարիան ու Թուրքիան։ Թագավորության դիմումը ՆԱՏՕ-ին հավանություն տալու համար Թուրքիան պահանջում է, որ երկրի իշխանությունները գործնականում կիրառեն ահաբեկչության դեմ պայքարի նորացված օրենքը, մասնավորապես՝ Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հակազդելու հարցում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի