«Գյուղից էր եկել նա, գյուղացի էլ մնաց քաղաքում մինչև մահ: Հայ ժողովրդի հարազատ զավակն էր, հայ շինականի բոլոր հատկություններով: Քաղաքը նրան նրբացրեց, բայց և չապականեց նրա բարոյական աշխարհը»,- Պերճ Պռոշյանի մասին գրել է Ալեքսանդր Շիրվանզադեն:
Այսօր արձակագիր Պերճ Պռոշյանի հիշատակի օրն է։
«Ընտանեսեր էր Պռոշյանը վերին աստիճանի և ընտանիքից դուրս կյանք չէր ընդունում, այսինքն` անհատական երջանկություն: Հավատարիմ ամուսին էր և ջերմ սիրող հայր: Երբ վախճանվեց նրա կինը, դժվար էր թաղման օրը ճանաչել Պռոշյանին, այնքա՜ն նիհարել, այնքա՜ն գունատվել, այնքա՜ն ծերացել էր նա մի քանի օրվա մեջ: Այդ օրը նա այնպես էր խոսում, որ մի պահ կարծեցինք, թե մարդը խելագարվել է:
Երբ նրա ավագ որդին ձերբակալվեց իբրև հեղափոխական և աքսորվեց Սիբիր, խղճալի էր նայել Պռոշյանին:
-Գիտեմ, գիտեմ,- կրկնեց նա՝ լսելով իմ կարեկցական խոսքերը,- դու մտքումդ դատապարտում ես ինձ, որ այսքան ողբում եմ որդուս և ընդհակառակը չեմ ուրախանում, որ նա խաչվում է գաղափարի համար: Բայց ճիշտ այդ գաղափարին զոհ գնալն է, որ տանջում է ինձ: Թո՛ղ կորչե սոցիալիզմը, չեմ ուզում: Իմ որդին պիտի զոհվեր իր հայրենիքի, իր ժողովրդի համար»,- իր հուշերում պատմում է Շիրվանզադեն:
Պռոշյանի՝ ընտանիքի հանդեպ ունեցած անսահման սիրո մի դրսևորում էլ հուշի հետևյալ պատառիկն է․ «Ռուս-ճապոնական պատերազմի տարին էր: Մի օր Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, ես և մի քանի ուրիշներ քաղաքի Երևանյան կոչված ամենաբազմամարդ հրապարակի վրա խմբված օրվա հեռագիրներն էինք կարդում: Ես էի կարդացողը, մյուսները լսում էին: Հեռվից երևաց Պռոշյանը: Նա շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած և ծայրեն մի գույնզգույն թաշկինակ քարշ արած: Թաշկինակը լիքն էր զանազան պարենով: Ի միջի այլոց կանաչ սոխի երկայն ճյուղերը ցցվել էին օդի մեջ:

Պռօշյանը մոտեցավ մեզ և կանգնեց իմ կողքին: Հանկարծ աչքիս տակով մի բան տեսա, փռթկացի և չկարողացա ընթերցումս շարունակել: Պռոշյանի հնամաշ և շատ լայն վերարկուի տոպրակի չափ մեծ գրպաններից մեկը լիքն էր նոր մորթոտված «ցոցխալներով» (փոքրիկ կենդանի ձկներ): Ձկները դեռ թռչկոտում էին, և Պռոշյանի գրպանը պարում էր:
-Այ մարդ, այդ ի՜նչ է, չե՞ս ամաչում,- գոչեց Աղայանը իր ահեղ ձայնով:
-Սուս արա, գյադա,- արտասանեց Պռոշյանը անհոգ,- լակոտներս ցոցխալ շատ են սիրում, նրանց համար եմ գնել:
Նա Աղայանին «գյադա», իսկ իր զավակներին «լակոտներ» էր անվանում միշտ:
-Գնա տուն, հեռացիր, շուտ,- ավելացրեց Աղայանը ծիծաղելով:
-Գնացի, եթե ուզում ես, եկ մեզ մոտ, դու էլ կուտես: Ով ուզում է թո՛ղ գայ,- ասաց Պռոշյանը և կարմիր թաշկինակը գլխից վեր ցցած հեռացավ:
Այսպես էր Պռոշյանը: Նա չէր խոնարհվում մանր-մունր էթիկետների առջև»: