«Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող. այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»,- վստահ էր Ղևոնդ Ալիշանը։
Այսօր Նահապետի հիշատակի օրն է։
Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, որ Վենետիկում եղած ժամանակ Պետերբուրգի հայ ուսանողների մի խմբակից նամակ է ստացել: Գրում էին, որ ուսանողների այդ խմբակը ձեռնարկել է ժամանակակից հայ անվանի մարդկանց կենսագրությունը գրել ժողովրդական լայն խավերի համար: Խնդրել էին իրեն անմիջապես Ալիշանից կենսագրական տեղեկություններ, փաստեր, դրվագներ իմանալ, նաև միաբաններից նյութեր հավաքել:

«Այս նամակով զինված, գնացի Ալիշանի մոտ: Ալիշանը հեգնանքով ասաց.
- Այդ ին՞չ ծանր քար են դրած քո մեջինք: Վախեցա՞ր. գրելիք բան մը չկա: Ես կենսագրություն չունիմ:
Ասաց, որ իրեն 8-9 տարեկան հասակում Կ. Պոլսից բերել են Ս. Ղազար, նվիրել են վանքին: Սկսել է աշակերտել միաբանության դպրանոցներում, ավարտել է շատ մատաղ տարիքում, ուսանող է եղել և մի քանի տարի էլ Փարիզի Մուրադյան հայ վարժարանում դասատու և վարիչ է եղել:
- Եվ քանի մը գրքեր եմ գրած: Ուրիշ էլ ըսելիք չունիմ: Գրքե-գիրք` ատ է եղած իմ ճամփան: Ուրիշ տեղեր չեմ գացած:
Հետո ասաց, որ աշխարհականները կենսագրական ունին, կարող են ունենալ: Գործեր կբռնեն, կընկնին, կելնեն: Ճամփորդություններ կկատարեն, կկռվին, դատեր կվարեն, կամուսնանան, երեխաներ կունենան և այլն, և այլն:

Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որ ես շարադրում եմ արևելահայ բարբառով.
- Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՜չ Հունաստանը և ո՜չ Բուլղարիան: Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա: Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը:
Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ պետություններին` Անգլիային, Ռուսիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուքի ձեռքը բռնեն:
Սրբազան պապն ասում է. «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, ես որին դիմեմ»»: