Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը ամբողջ կյանքում հարզատ պահեց Զորավար Անդրանիկի հուշն ու խորհրդանիշը։ Փարիզում իր բնակության տարիներին նա հաճախ էր այցելում Անդրանիկի գերեզման ու հուշարձանը Պեր Լաշեզում։ Վերադարձին միշտ մի ծաղիկ կամ ինչ-որ իր էր վերցնում գերեզմանից որպես մասունք, որը փայփայում էր իր ամենանվիրական առարկաների կողքին։
Սարոյանի յուրաքանչյուր այց տոն էր իրեն ծնած ժողովրդի համար։ 1935 թվականին արյան կանչով եկավ Հայաստան, հենց որ, ինչպես ասում էր, ճանապարհի դրամ ունեցավ։ 1978 թվականի աշնանը Սարոյանը Հայաստան եկավ չորրորդ ու, ավաղ, վերջին անգամ։ Այս հանդիպմանը Սարոյանը խոստովանել է, որ իր գրական կյանքում ճակատագրական է եղել հանդիպումը զորավար Անդրանիկի հետ։
Սարոյանը գրում է․ «Նախքան տատիս մեր տուն գալը ես հայերեն խոսել չգիտեի. ամեն առավոտ նա երգում էր Անդրանիկ զինվորի մասին, մինչև ես իմացա, որ նա հայ էր, մի լեռնցի գյուղացի, որ ճերմակ ձին հեծած, մի բուռ մարդկանցով մարտնչում էր թշնամու դեմ։ Դա 15 թվին էր, իմ երկրի ժողովրդի ֆիզիկական ցավի և հոգու քայքայման տարին, բայց ես ընդամենը յոթ տարեկան էի և այդ մասին ոչինչ չգիտեի։ Իմ անիմաստ թախիծով ես կարող էի պատկերացնել, որ աշխարհում ինչ-որ բան սխալ էր, բայց թե ինչը՝ չգիտեի։ Տանը գործ անելիս մեծ մայրս երգում էր, և նրա երգը ստիպում էր ինձ ինչ-որ բան հասկանալ։ Նա երգում էր վշտալի, մեծ ցասումով և բամբ ձայնով։ Կարճ ժամանակում ես սկսեցի տարբերել այդ լեզվի բառերը, քանի որ դրանք կային իմ մեջ ի սկզբանե և իմ արածը ընդամենը դրանք վերհիշելն էր։ Ես հայ էի։ Անիծված լինեն այն պոռնկորդիները, որ սարքեցին այդ պատմությունը (երբ հայ ես, այդպես է թվում. և դա սխալ է)։ Պոռնկորդիներ չկան։

Հայի կսկիծը նույնն է, ինչ որ թուրքինը։ Մնացյալն անհեթեթություն է, բայց ես չգիտեի այդ մասին։ Ես չգիտեի, որ թուրքը պարզ ընկերական և անօգնական մի մարդ է, որն անում է այն, ինչն իրեն ստիպում են անել։ Ես չգիտեի, որ նրան ատելն նույնն է, թե հային ատես, քանզի նրանք նույնն էին։ Մեծ մայրս դրանցից ոչ մի բան չգիտեր և հիմա էլ չգիտե։ Ես այժմ գիտեմ այդ ամենը, բայց ես չգիտեմ, թե դա ինչ օգուտ կարող է տալ, քանի որ աշխարհում դեռևս կա տխմարությունը, և տխմարություն ասելով՝ ես նկատի ունեմ ամեն տեսակի ստորություն, ինչպես, ասենք, տգիտությունը, և կամ որ շատ ավելի վատ է՝ գիտակցված կուրությունը։ Աշխարհում ամեն ոք գիտե, որ այդ հատկություններն ազգային չեն․ բայց նայեք նրանց։ Նայեք Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիայի, նայեք նույնիսկ Ռուսաստանին, նայեք Լեհաստանին, հապա մի նայեք բոլոր այդ խելառ մոլագարներին։ Ես չեմ կարողանում հասկանալ․ ինչո՞ւ նրանք չեն բացում աչքերը, որպեսզի տեսնեն, որ այդ ամենը տխմարություն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք չեն սովորում գործածել իրենց ուժը կյանքի և ոչ թե մահվան համար, բայց երևում է, որ իսկապես էլ չեն ուզում։ Մեծ մայրս շատ մեծ է սովորելու համար, բայց ինչ ասես աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ երեսունն էլ չեն բոլորել։ Իսկ ի՞նչ պիտի լինի այդ մարդկանց հետ։ Գուցե նրանք շա՞տ երիտասարդ են սովորելու համար, կամ գուցե նրանց հատուկ է միայն մահվան համար աշխատելը։
1915 թվականին գեներալ Անդրանիկը աշխարհում տեղի ունեցող այդ խառնակության մի մասն էր կազմում, բայց ոչ իր մեղքով։ Նրա համար այլ ուղի չկար և նա անում էր այն, ինչ որ ստիպված էր անել։ Թուրքերը սպանում էին հայերին, և գեներալ Անդրանիկն ու նրա ռազմիկները սպանում էին թուրքերին։ Նա սպանում էր լավ, պարզ և բարեհոգի թուրքերին, բայց նա չէր սպանում իսկական ոճրագործին, որովհետև ամեն մի իսկական ոճրագործ հեռու է մնում ռազմի դաշտից։ Ակն ընդ ական, բայց միշտ՝ սխալ աչքը։ Եվ իմ մեծ մայրը աղոթում էր գեներալ Անդրանիկի հաջողության և ապահովության համար։
Գեներալ Անդրանիկը Հայաստանում և Թուրքիայում նույն գործն էր անում, ինչ որ Արաբիայի Լոուրենսը՝ Արաբիայում։ Ուժասպառ անել թուրքական բանակը և նրան անվնաս դարձնել Իտալիայի, Ֆրանսիայի և Անգլիայի բանակների համար։ Գեներալ Անդրանիկը մի պարզ հայ գյուղացի էր, որը հավատաց Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարություններին, երբ սրանք ասացին իրեն, որ իր ժողովուրդն ազատություն կստանա թուրքական բանակին անհանգստացնելու շնորհիվ։ Նա մի արկածախնդիր և անհանգիստ անգլիացի գրող չէր, որը փորձում էր ինքն իր հետ համաձայնության գալ, թե ինչն է աշխարհում մնայուն իր համար, և ի տարբերություն Արաբիայի Լոուրենսի, գեներալ Անդրանիկը չգիտեր, որ իր արածը հիմար է և անօգուտ, քանի որ խառնակությունից հետո Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունները պիտի դավաճանեին նրան։ Նա չգիտեր, որ ուժեղ կառավարությունը կարիք է զգում և փնտրում է մի այլ ուժեղ կառավարության բարեկամությունը, և պատերազմից հետո նրա և Հայաստանի ժողովրդի համար ոչինչ չէր մնացել։ Ուժեղ կառավարությունները խոսում էին Հայաստանի համար որևէ բան անելու մասին, բայց նրանք երբեք և ոչինչ չարեցին։ Եվ այդպես պատերազմն ավարտված էր, և գեներալ Անդրանիկը սոսկ մի մի զինվոր էր՝ և ոչ թե զինվոր և միաժամանակ դիվանագետ և գրող։ Նա զուտ հայ էր։ Նա թուրքական բանակի դեմ չէր կռվում նրա համար, որ դա կարող էր իրեն գրելու նյութ տալ։ Նա նույնիսկ երկու բառ էլ չի գրել այդ ամբողջ պատերազմի մասին։ Նա կռվում էր թուրքական բանակի դեմ, քանի որ ինքը հայ էր։ Երբ պատերազմն ավարտվեց և սկսվեցին դիվանագիտական բանակցությունները, գեներալ Անդրանիկը կորավ։ Թուրքական կառավարությունը նրան դիտում էր որպես ոճրագործ և մի մեծ գումար առաջարկեց նրան ողջ կամ մեռած բռնելու համար։ Գեներալ Անդրանիկը փախավ Բուլղարիա, բայց թուրք հայրենասերները հետևեցին նրան, և նա ստիպված էր անցնել Ամերիկա։

Քեռիս նստած էր գրասեղանի մոտ և հուզված ծխում էր։
-Անդրանիկին տեսա՞ր,-ասաց նա հայերեն։
Հայերեն մենք երբեք նրան գեներալ Անդրանիկ չէինք ասում, այդպես էինք անվանում միայն անգլերեն։
-Այո, տեսա,-ասացի ես։
Քեռիս շատ հուզված էր։
-Ահա քեզ քառորդ դոլար, գնա և մի մեծ ու սառը ձմերուկ բեր։
Երբ ես վերադարձա ձմերուկը ձեռքիս, գրասենյակում չորս մարդ կար՝ «Ասպարեզի» խմբագիրը, մի ուրիշ փաստաբան և երկու հաճախորդ ագարակապաններ։ Նրանք բոլորը ծխում էին ու խոսում Անդրանիկից։
Քեռիս ներկայացրրեց ագարակատերերից մեկին, իսկ փաստաբանը՝ մյուսին։ Քեռուս հաճախորդն ասաց, որ ինքը երեք տարի առաջ 200 դոլար էր տվել մյուս ագարակապանին, մինչդեռ սա պնդում էր, թե ինքը երբեք ոչ մեկից և ոչ մի փեննի պարտք չի վերցրել։ Այս էր վեճի նյութը, բայց հիմա արդեն ոչ ոք դրա մասին չէր մտածում։ Մենք բոլորս ձմերուկ էինք ուտում և ուրախ-ուրախ խոսում Անդրանիկից։ Վերջապես մյուս հավատարմատարն ասաց․
-Ի՞նչ կասեք այս փոքր խնդրի մասին։
Քեռիս ձմերուկի մի քանի սերմ թքեց թքամանի մեջ և շրջվեց մյուս փաստաբանի հաճախորդի կողմը։

-Հովսեփը քեզ երեք տարի առաջ 200 դոլար պարտք տվե՞լ է,-ասաց նա։
-Այո, ճիշտ է,-ասաց մյուս ագարակապանը։
Նա մատներով փորեց-հանեց ձմերուկի սրտից մի մեծ պատառ և հրեց այն բերանը։
-Բայց չէ՞ որ երեկ դու ինձ ասացիր, որ նա քեզ ոչ մի փեննի չի տվել,-ասաց մյուս փաստաբանը։
-Այդ երեկ էր,-ասաց ագարակապանը,-այսօր ես տեսա Անդրանկին։ Ես փող չունեմ, բայց ես կվճարեմ նրան, հենց որ բերքս հավաքեմ։
Կալիֆոռնիայում ապրող ամեն մի հայ երջանիկ էր, որ հին երկրից ժամանել է Անդրանիկը։
Դրանից վեց կամ յոթ ամիս անց Անդրանիկը եկավ քեռուս գրասենյակ, երբ ես էլ այնտեղ էի։ Եվ ես էլ քեռուս հետ միասին վեր ցատկեցի և ես նույնպես սիրում էի նրան, բայց միայն նրան՝ Անդրանիկին, մեծ մարդուն, որ դարձել էր ոչինչ՝ անօգնական զինվորին, էժան և կեղծ խաղաղությամբ լի մի աշխարհում, որտեղ խաբված էր ինքը և իր ժողովուրդը, և Հայաստանն էլ միայն մի հուշ էր։
Նա հանդարտ խոսում էր մոտ մեկ ժամ և ապա՝ թողեց ու գնաց, և երբ ես նայեցի քեռուս, նրա աչքերում արցունքներ կային և նրա բերանը ցնցվում էր, ինչպես մանկան բերանը, որը մեծ ցավ է զգում, բայց իրեն զսպում է, որ լաց չլինի»։