ԽՍՀՄ-ին անդամակցել ենք 31000 քառակուսի կմ տարածքով․ ՀՀ-ն պետք է դա պահանջի
copy image url

ԽՍՀՄ-ին անդամակցել ենք 31000 քառակուսի կմ տարածքով․ ՀՀ-ն պետք է դա պահանջի

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 16-11-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման մասին քննարկումներում երկու երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքը հիշատակվում է համապատասխանաբար 29800 և 86000 կմ քառակուսի սահմաններում։ Հենց այս թվային տվյալները հիմք ընդունելով՝ Երևանն ու Բաքուն նախորդ տարի ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, չնայած ադրբեջանական կողմն առայսօր հրաժարվում է իր զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք ընդգրված են հիշյալ 29800 կմ սահմանններում։

Միևնույն ժամանակ քարտեզագետները ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Խորհրդային Հայաստանի տարածքը սկզբնական շրջանում կազմել է ոչ թե 29800, այլ 31000 կմ քառակուսի, և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել հենց այս սահմանների շրջանակներում։

Oragir.News-ի հետ զրույցում քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը նշեց, որ Խորհրդային Միության 1925-1927 թվականների քարտեզներում և ատլասներում Հայաստանի տարածքը նշվում էր 30948՝ շուրջ 31000 կմ քառակուսի։ Նրա խոսքով՝ այս տարածքը ներառում էր այն շրջանները, որոնք 1929-30-ական թվականներին տրվեց Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստանի նպատակով.

«Այսինքն, սա ընդգրկում է ամբողջ Արծվաշենի տարածքը, Ալ լճերը, որոնք հետագայում Ադրբեջանը վերցրեց, Կապանի և Շորժայի շրջանում որոշ տարածքներ, որոնք Խորհրդային Միությունը տվել է Խորհրդային Ադրբեջանին»։

Քարտեզագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ներկայիս Ադրբեջանն իրեն ճանաչում է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-20 թվականների մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Նա շեշտեց, այդ ժամանակ Հայաստանում որևէ անկլավ գոյություն չուներ, իսկ հիշյալ բոլոր բնակավայրերը, որ 1930-ական տվականներին տրվել են Ադրբեջանին, պատկանում էին Հայաստանին։

Հարցին, թե Հայաստանի 31000 քառակուսի կմ տարածքն իրավականորեն արձանագրվա՞ծ է, մեր զրուցակիցը դրական պատասխանեց՝ նշելով, որ այդ տվյալն առկա է Խորհրդային Միության ատլասների մեջ։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի տարածքը ոչ թե 86600 քառակուսի կմ է, այլ 84600 քառակուսի կմ։ «Այսպիսով՝ Ադրբեջանն իր հարևաններից յուրացրել է շուրջ 2000 քառակուսի կմ տարածք՝ ավելի քան 1200-ը Հայաստանից, մնացածը՝ Վրաստանից»,- նշում է մասնագետը։

Ռուբեն Գալիչյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանը Կարմիր բանակին և Խորհրդային Ռուսաստանին հանձնել է 43000 քառակուսի կմ տարածք, որից հետագայում խորհրդային իշխանությունները պոկեցին և Ադրբեջանին հանձնեցին Նախիջևանը և Ղարաբաղը։ «Դրանով հանդերձ՝ մեր տարածքը մնաց 31000 քառակուսի կմ։ Եթե Խորհրդային Միության օրոք տպագրված առաջին հանրագիտարաններում մեր տարածքը նշվում է 31000 քառակուսի կմ քարտեզով, ապա մենք պետք է այդ պահանջը ներկայացնենք»,- ասաց նա։

Քարտեզագետը հավելեց, որ մենք պետք է վերադառնանք ոչ թե 1991, այլ 1920-ական թվականների քարտեզներին, քանի որ դրանցով ենք անդամակցել Խորհրդային Միությանը, իսկ վերջինս այդ տարածքից կտորներ է պոկել և հանձնել Ադրբեջանին։ Նա այս համատեքստում կարևորեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր սահմանադրությամբ չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելու հանգամանքը, ուստի չպետք է այդ տարածքների ինչպես նաև անկլավների նկատմամբ հավակնություններ ունենա, որոնք մինչև 1936 թվականը գոյություն չեն ունեցել։

Ճշտող հարցին, թե այդ տարածքների մեջ մտնո՞ւմ է նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածը, որը 2020 թվականի պատերազմից հետո հանձնվեց Ադրբեջանին, Գալիչյանը բացասական պատասխան տվեց։ Նա ասաց, որ այդ ճանապարհը միտումնավոր է Ադրբեջանի տարածքով կառուցվել, որպեսզի վերջինս դրա նկատմամբ վերահսկողություն ունենա և ցանկացած պահի կարողանա այն փակել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում