«Դիմաստվերները»՝ հայոց առաջին թատրոնի ոտնահետքերի մասին
copy image url

«Դիմաստվերները»՝ հայոց առաջին թատրոնի ոտնահետքերի մասին

Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 22:24 14-11-2023
Արտաշատի Ամո Խարզայանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ռոբերտ Առաքելյանի հեղինակած «Դիմաստվերներ» գրքի շնորհանդեսը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին։

«Գիրքը շնորհակալություն է իրենց ոտնահետքերը մեր բեմում թողած հայ մեծանուն արտիստներին»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Արտաշատի Ամո Խարզայանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը։

Գրքում ներկայացված են տարբեր պատմություններ հայ թատրոնի մեծերի մասնակցությամբ։ Դրանցից մեկը Վահրամ Փափազյանի բեմադրած Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսի հաջողությունների մասին պատմությունն է։

«1950-60 թվականների թատերաշրջանների ընթացքում թատրոն է հրավիրվել մեկ այլ աշխարհահռչակ մեծություն՝ Վահրամ Փափազյանը։ Նա բեմադրել է Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսը։ Վարպետը, ծանոթանալով կոլեկտիվին, ինքն է կատարել դերաբաշխումը։ Կարճ ժամանակ անց ներկայացումը հանձնվել է հանդիսատեսի դատին։ Վարպետը իր պատկառելի տարիքում հրճվանք էր ապրում հանդիսատեսի հետ իր ամենօրյա հանդիպումների համար, իսկ թատերախումբը երջանիկ էր՝ խաղալով մեծն արտիստի հետ»,- գրված է գրքում։



Նաղդալյանի խոսքով՝ շատ կարևոր աշխատանք են տարել, քանի որ առաջին գիրքն է, որտեղ խոսվում է մեր պատմական թատրոնի մասին։

«Բացը կար, և ահա այս հոբելյանական տարում որոշեցինք ուղղել այս բացը։ Գրախանութներում չկան տարբերակներ, բայց հանրապետության շատ գրադարանների, ինչպես նաև թատրոնների անպայման կնվիրենք։ Հուսով եմ՝ այն կդառնա մեր թատրոնի այցեքարտերից մեկը»։

«Արտաշատի թատրոնը երկու ծննդյան վկայական ունի՝ մ․թ․ա․ 53 և մ․թ․ 1933 թվականները։ «Դիմաստվերներ» խորագրի ներքո հեղինակն անդրադարձել է Արտաշատ քաղաքին, հայոց առաջին թատրոնին, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անցյալի և ներկայի դեմքերին, իրենց գործունեությանը։ Գիրքը նվիրված է թատրոնի հիմնադրման 90 ամյակին և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին»,- ասված է գրքում։

Գիրքը հրատարակվել է թատրոնի միջոցներով և թատրոնի հոբելյանական միջոցառումներից մեկն է։

Ձեզ գուցե հետաքրքրի