Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ իսրայելցիների մինչև 70%-ը դեմ է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, երբ վերադառնում էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտից։
«Միգուցե այնքան էլ կոռեկտ չէ, որ ես շատ անդրադառնամ այս խնդրին։ Բայց ես պետք է սա հստակ ասեմ։ Նեթանյահուի լավագույն օրերն այսօր են, ոչ թե վաղը։ Այժմ Իսրայելի հասարակության 60-70%-ը դեմ է Նեթանյահուին»,- հայտարարել է նա։
Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ պնդել է, որ Իսրայելը շարունակում է փորձարկել Թուրքիայի համբերությունը, այդ թվում՝ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքներով։
«Նրանք փորձարկում են մեր համբերությունը` խոստացված հողի իրենց պատրանքներով, որը ներառում է մեր երկրի տարածքները, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»,- ասել է նա Անկարայում՝ ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։
Էրդողանը նաև նշել է, որ իսրայելական կողմը «կենթարկվի պատասխանատվության և կդատվի ողջ մարդկության առջև»։
«Հավաքական խղճից ստացած ուժով մենք կշարունակենք լիովին աջակցել պաղեստինցիներին: Մենք չենք դադարի ասել ճշմարտությունը, քանի դեռ չի ապահովվել բոլոր պաղեստինցիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, հատկապես Գազայի ժողովրդի, ովքեր պայքարում են պաշտպանելու իրենց հայրենիքը և իրենց կյանքը»,- հավելել է նա։