Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Համապատասխան հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում։
Եվրոպական խորհուրդն այս հարցով վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերին՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունից հետո։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա:
Հիշեցնենք, որ Ուկրաինան և Մոլդովան թեկնածու երկրի կարգավիճակ էին ստացել դեռևս նախորդ տարի, մինչդեռ Վրաստանին ներկայացվել էր լրացուցիչ 12 առաջարկներ, որոնց կատարումից հետո միայն երկիրը պետք է ստանար թեկնածու երկրի կարգավիճակ։
Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ընդգծեց, որ այս փուլում հիշյալ հայտարարությունը Եվրահանձնաժողովի կողմից տրված կանաչ լույսն է, որ չնայած դեռևս որոշ պարտավորություններ ու նախապայմաններ իրականացված չեն, այնուամանայնիվ Բրյուսելում տեսնում են, որ կարելի է մեկ քայլ առաջ շարժվել և աջակցել Վրաստանին՝ վերջինիս թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հարցով։ Նա նշեց, որ դա տեղի կունենա դեկտեմբերին, երբ ԵՄ անդամ երկրները կհանդիպեն և որոշում կկայացնեն։
Վրացագետի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու որոշումը լինելու է քաղաքական։ «Այսօր շատ քիչ են այն երկրները, որոնց մասով հայտարարություններ արվել են, ամբողջովին համապատասխանում են անդամակցության ստանդարտներին, ուստի այս պարագայում հստակ է, որ որոշումները կայացվելու են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվի, ապա դա սիմվոլիկ նշանակություն կունենա, սակայն այն կարևոր է երկրի ներքին սպառման համար։ Նրա խոսքով՝ թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը Վրաստանի իշխանություններին կպարտավորեցնի շարունակել բարեփոխումների օրակարգը և եվրոպական ուղղությամբ ինտեգրման գործընթացը։
«Մեծ հավանականությամբ Վրաստանին կճանաչեն թեկնածու երկիր, բայց մյուս երկու թեկնածու երկրները՝ Մոլդովան և Ուկրաինան, որոնք նախորդ տարվանից են ստացել այդ կարգավիճակը, այս պարագայում մեկ քայլ առաջ են, իրենց թույլ է տրվում սկսել բանակցությունների պրոցեսը՝ արդեն անդամակցության հարցով»,- նկատեց նա։
Ջոնի Մելիքյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ անդամակցության հարցով բանակցությունները երկար գործընթաց է, իսկ համապատասխանելու համար բավականին լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Նա նշեց, որ մինչև քարտ-բլանշով և որոշ աշխարահաքաղաքական պրոցեսներից ելնելով են որոշումներ կայացվել՝ թե՛ ասոցացման համաձայնագրի մասով, թե՛ թեկնածու ճանաչելու հարցով՝ շեշտելով, որ արդեն լիիրավ անդամ դառնալը հեշտ չի լինելու։ Վերջինս այս համատեքստում հիշեցրեց Ժոզեֆ Բորելի հայտարարությունը, ով ասել էր, որ ԵՄ-ի ընդլայնման հերթական փուլը տեղի չի ունենա մինչև 2030 թվականը.
«Ուստի արդեն հստակ ֆիքսված ժամկետ կա, որ ինչ էլ տեղի ունենա, և ինչ պրոցեսում էլ լինի երկիրը, ամեն դեպքում մինչև 2030 թվականը որևէ պրոցես տեղի չի ունենա։ Սակայն հաջորդող 6-7 տարիներին այս երկրները պետք է շարունակեն բարեփոխումների իրականացումը, որպեսզի 2030 թվականի համար Բրյուսելում անհրաժեշտ եզրակացություններ լինեն, և իրենք արդեն որոշեն՝ ընդլայվո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա նաև կախված է, թե այդ ժամանակ ինչ աշխարհաքաղաքական դասավորումներ տեղի ունեցած կլինեն»։
Վրացագետը նշեց, որ այսօր Թբիլիսիիում եվրոատլանտյան քաղաքականությունը որպես գերակայություն ունենալով՝ ցանկանում են առնվազն առնվազն թեկնածու երկրի կարգավիճակը ստանալ, ինչպես նաև սա կապիտալիզացնել ներքաղաքական գործընթացներում՝ մասնավորապես հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Նա կարծում է, որ Բրյուսելում շատ ճիշտ հաշվարկած հայտարարություններ են արել. իրենք չտրամադրելու դեպքում որոշակի ռիսկեր կունենային, ինչպես նաև ռիսկեր կային, եթե տրամադրեին կարգավիճակը՝ առանց որևէ նախապայմանի։ «Ուստի այսօր կան թե՛ նախապայմաններ, թե՛ ճանապարհային քարտեզ՝ առաջիկա քայլերի և բարեփոխումների վերաբերյալ, թե՛ շեշտադրումներ առ այն, որ իրենք շնորհավորում են Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին՝ չառանձնացնելով իշխանությանը, ընդդիմությանը և քաղհասարկությանը։ Այստեղ հստակ երևում է, որ Բրյուսելում ցանկացան այս քայլին գնալ, բայց նաև ցույց տալ, որ սրա շահառուն Վրաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժ, որը կփորձի մոնոպոլիզացնել այս ձեռքբերումը»,- կարծում է նա։
Մելիքյանը համոզված է, որ եթե որևէ աշխարհաքաղաքական բան չփոխվի, ապա դեկտեմբերին այդ որոշումը կկայացվի, Վրաստանին կճանաչեն թեկնածու, իսկ երկրին այս օրակարգով կշարունակի իր եվրոպական ուղին։
Հարցին, թե Վրաստանի լիիրավ անդամակցությունը ինչ կտա Հայաստանին՝ հայ-վրացական հարաբերությունների համատեքստում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ Նա միևնույն ժամանակ նկատեց, որ դեռևս վաղ է խոսել 2030 թվականի մասին, քանի որ այդ ժամանակ տարածաշրջանում կարող է կոնֆիգուրացիան այնպես փոխված լինել, որ մենք խոսենք ոչ թե ԵՄ-ից, այլ ուրիշ՝ գուցե նոր ստեղծված կառույցներից։
«Այստեղ կարևոր է, որ մենք ԵՄ-ի հետ ունենք մեր օրակարգը, ստորագրված համաձայնագիր ունենք, որտեղ բավականին լուրջ բարեփոխումների փաթեթ կա, որի ուղղությամբ էլ ՀՀ-ն շարունակելու է աշխատել։ Կան ընդհանրություններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրար ավելի հստակ հասկանալ, բարեփոխումներ իրականացնել, ի տարբերություն մեր տարածաշրջանում գործող այլ պետությունների, որոնք ժողովրդավրական ուղղությամբ շարժվելու նպատակահարմարություն չեն տեսնում»,- ասաց նա։
Ջոնի Մելիքյանը հավելեց, որ այսօրվա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել, իսկ այս պարագայում չափազանց կարևոր է, որ Վրաստանն այս ուղին շարունակի, քանի որ եվրոպական ճանապարհից Վրաստանի ձախողումը կարող է հանգեցնել տարածաշրջանում երկրի պարփակմանը, ինչը ձեռնտու է իր հարևաններ Թուրքիային և Ադրբեջանին։
«Ուստի նաև մեր շահերից չի բխում, որ Վրաստանը կենտրոնանա իր վրա բավականին լուրջ ազդեցություն ունեցող հարևանների ուղղությամբ, դրա համար կարևոր է, որ Բրյուսել-Թբիլիսի հարաբերությունները լինեն կանխատեսելի և չհայտնվեն ճգնաժամային իրավիճակում։ Այսօր նաև մեր շահերից բխում փորձել այնպիսի բալանս ձևավորել, որտեղ կկարողանանք մեր ազգային շահերը ապահովել, քանի որ որոշ դեպքերում, երբ այլընտրանք չենք ունենում, ստիպված ենք լինում ընդունել նոր ձևավորվող իրողությունները, որոնք ոչ միշտ են լինում ի օգուտ Հայաստանի։ Հետևաբար շատ կարևոր է դիվերսիֆիկացված քաղաքկանությունը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան