Ընդամենը 3 օր առաջ Արմավիրի մարզում ներդրված պարեկային ծառայությունը գլխացավանք է դարձել ինչպես բնակիչների, այնպես էլ տուրիստական ընկերությունների համար։
Մարզի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին՝ տպավորություն են ստացել, որ պարեկներին հրահանգել են ոչ թե կարգը պահպանել, այլ մարդկանց ճնշել․
«Պետք է միայն նրանց պահվածքը տեսնեք՝ անհարգալից, բռի, տպավորություն է, որ իրենց մոտ բեսպրիդել է։ Ինչ ուզեն, ոնց ուզեն կանեն, իրենց ամեն ինչ կարելի է»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի բնակիչներից մեկը, որը ականատես է եղել պարեկների և վարորդի խոսկցությանը։
Պարեկների աշխատանքից դժգոհություն են հայտնում նաև տուրիստական ընկերությունների վարորդները։
«Տուրիստական ավտոբուսներն ընդհանրապես չեն կարողանում երթևեկել,Մայր Աթոռի ավտոկայանատեղին փակ է, իսկ այդ հատվածում հիմա չի լինում կանգնել և տուրիստ իջեցնել։ Մի հատ կատաստրոֆիկ վիճակ է, նշան են դրել, թույլ չեն տալիս այդ հատվածում մի քանի րոպե կանգնենք,որ տուրիստներն իջնեն, բեսպրիդելավարի տուգանում են։ Արդեն մոտ 10 ավտոբուսի վրա 10․000-ական դրամ ակտ ա գրվել, ամբողջ օրը կռիվ է, այսօր արդեն 2 ավտոբուսի վրա ակտ են գրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ նախկինում տուրիստական ավտոբուսները մուտք են գործել Մայր աթոռի ավտոկայանատեղի, սակայն արդեն 3 տարի է այն փակ է։
«Մենք 3 տարի այս փողոցում ենք կանգնել, բայց ոստիկանները ոչ մի բան չեն ասել, իսկ հիմա պարեկները եկած-չեկած սկսել են տուգանել։ Արարատյան փողոցում կատաստրոֆիկ վիճակ է։ Խնդրում ենք, որ Մայր աթոռը բացի ավտոկայանատեղին, տուրիստներին կարողանանք հանգիստ բերել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գործարկվեց Պարեկային ծառայությունը։ Դրանց հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։