Ադրբեջանցիները սեպտեմբերի 29-ին կրակել են արցախցի փոքրիկի վրա
copy image url

Ադրբեջանցիները սեպտեմբերի 29-ին կրակել են արցախցի փոքրիկի վրա

Ներքին 1 տարի առաջ - 08:45 26-10-2023
Ստեփանակերտում սեպտեմբերի 29-ին դեռ մարդիկ կային, ովքեր սպասում էին մեքենաների, որպեսզի դուրս գան Արցախից։ Սողոմոնյանների ընտանիքն այդ օրերին նույնպես Ստեփանակերտում էր։ Նրանք Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում էին ապրում։

Սեպտեմբերի 29-ին ընտանիքի պապիկն է վատացել, թոռնիկը՝ Կառլեն Սողոմոնյանը, հեծանիվով գնացել էր օգնության համար ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին գտնելու։ Ճանապարհին ադրբեջանցիները ատրճանակով կրակել են Կառլենի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում Կառլենի մայրը՝ Իրինա Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել ողբերգական դեպքից․

«Կարմիր խաչի մեքենաները հաճախ անցնում էին այդտեղով, երեխաս գնացել էր նրանց կանչելու։ Հրապարակից մինչև «Տատիկ-պապիկ»-ի կողմերը իջել է։ Ասում է՝ մի պահ զգացել է, որ ոտքը տաքացել է, իջավ, որ տեսնի ինչ է եղել, տեսավ, որ արնաքամ է լինում ոտքը։ Մենք գիտեինք, որ այդ մասերում ադրբեջանցիներ կային, նրանք են կրակել։ Այդ պահին շատ հնարավորություններ չկային, առաջին բուժօգնություն ենք ցույց տվել։ Եկել ենք Հայաստան, «Արաբկիր» հիվանդանոցում ռենտգեն հետազոտություն են արել, տեսել, որ փամփուշտ կա ոտքի մեջ, հանել են այն»։

Հիմա 10-ամյա տղան բուժման շրջան է անցնում, դպրոց էլ չի գնում, որովհետև նորմալ քայլել չի կարող։ Սողոմոնյանների ընտանիքն Արզնիում է ապրում, տղային պարբերաբեր Երևան՝ հիվանդանոց պետք է բերեն, բայց չեն կարողանում ֆինանսի պատճառով․

«Օրինակ՝ այսօր հիվանդանոց պետք է գայինք, ինչ մեղքս թաքցնեմ, չենք եկել, որովհետև գումար չունեինք։ Ոչ մեկս 100-հազարականները դեռ չենք ստացել, բայց քարտային հաշիվներ ունենք»։

Աջակցության համար կարող եք փոխանցում կատարել նշված հաշվեհամարին՝ 9051350200955928, Իրինա Աղաջանյան։

Ամենից շատ դիտված