Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին սրվել է․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի նկատմամբ իրականացրել է վերջին տարիների ամենախոշոր հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։
Ստեղծված իրավիճակի հետևանքով Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։
Oragir.News-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ հակամարտության սրումը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը, ինչպես նաև պաղեստինյան հիմնախնդրի շարունակականությունը։ Նրա խոսքով՝ նման կերպ պաղեստինցնիները փաստացի աշխարհի ուշադրությունն են հրավիրում հիմնախնդրի վրա, որը վերջի շրջանում մոռացության էր մատնվել։ «Սա հին աշխարհակարգի ամենաառաջին, ամենաարյունալի և ամենատևական խնդիրն էր, որն առ այսօր չի լուծվել։ Սա է պատճառը, որ պաղեստինցիները նման գործողությամբ փորձ են անում աշխարհի ուշադրությունը կրկին այս հարցին սևեռել»,- նշեց նա։
Պետրոսյանը շեշտեց, որ հակամարտության սրումը պայմանավորված է նաև տարածաշրջանային զարգացումներով՝ մասնավորապես ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ընթացող Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկն էլ պաղեստինյան հիմնախնդիրն էր․
«Այսինքն, ի սկզբանե Սաուդյան Արաբիան նախապայման էր դրել, որ առանց պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման՝ Պաղեստին պետության ստեղծման, Էլ Ռիադի և Թել Ավիվի միջև հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Վերջին շրջանում տարբեր աղբյուրների կողմից տեղեկություններ էին տարածվում, որ Սաուդյան Արաբիան ընկրկել է այդ պահանջից՝ պայմանավորվելով ուրանի հարստացման ծրագրի հարցում կարծես թե որոշակի զիջումներ էր կատարելու պաղեստինյան հարցում։ Չի բացառվում, որ պաղեստինցիների այս գործողությունը, որը շատ լավ նախապատրաստված էր և վերջին 50 տարվա ընթացքում այն Իսրայելի համար աննախադեպ էր, նպատակ ուներ կանխել տարածաշրջանում հերթական ռազմավարական կորուստը, ինչպիսին տեղի ունեցավ 2019 թվականին, երբ Արբահամյան համաձայնագրերի միջոցով կարգավորվեցին հարաբերություններն Իսրայելի և այնպիսի արաբական երկրների միջև, ինչպիսին են ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկոն և այլն։ Այսինքն, չի բացառվում, որ գործողությունն իրականացվեց այս գործընթացի վրա ազդելու նպատակով»։
Հարցին, թե այս զարգացումներն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա, արաբագետը պատասխանեց, որ չի կարծում՝ ուղղակի ազդեցություն կունենան, սակայն ազդեցություն կարող է լինել, եթե լոկալ բնույթի հակամարտությունն ընդլայնվի, Պաղեստին-Իսրայել հակամարտությունից վերածվի, օրինակ, տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտության, որին կմասնակցի նաև Իրանը՝ իր հովանավորյալ կազմավորումներով։ Նա նշեց, որ ի պատասխան Թեհրանի մասնակցության՝ Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքից Իրանին պատասխանելու հնարավորությունները, այսինքն՝ խնդիրը կհասնի մեր տարածաշրջան և կանդրադառնա նաև Հայաստանի վրա։
Պետրոսյանը միևնույն ժամանակ կարծում է, որ այս պահին նման հնարավորություններ չկան․ «Գոնե Իրանն ամեն կերպ փորձում է խուսափել նոր պատերազմի հնարավորությունից։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նման զարգացումները բացառել չի կարելի, որովհետև փորձ է արվում տարբեր տարածաշրջաններում լարվածության նոր օջախներ ստեղծել, և այս պահին Իսրայելի համար շատ ձեռնտու ժամանակահատված է՝ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, և չի բացառվում, որ այս միջադեպն օգտագործվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ թիրախային հարվածներ նախաձեռնելու նպատակով։ Իսկ թե որ ուղղությամբ կլինեն Իրանի պատասխան հարվածները, կդժվարանամ նշել»,- ասաց նա։
Արմեն Պետրոսյանը հավելեց, որ Իսրայելը ձգտելու է ամեն կերպ այս լարվածության մեջ ներքաշել Իրանին, իսկ Իրանն էլ՝ խուսափել դրանից։ Նա ասաց՝ հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի ընթացք կլինի, սակայն միանշանակ է, որ Իրանն այս պահին խուսափում է նոր պատերազմից։