Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում երեկ վիճաբանություն է եղել աշխատակիցների և հաստատության տնօրեն Խաչիկ Ղազարյանի միջև:
Տուն-ինտերնատից
Oragir.News-ին հայտնեցին, որ ամեն ինչ սկսվել է ծերանոցի աշխատակիցներից մեկի, որը արցախցի է, և տարեց հիվանդներից մեկի խոսակցությունից:
«Տարեց կինն արցախցի կնոջն ասաց, որ փաստացի այսքան պայքարն իզուր եղավ, հազարվոր տղաներ կոտորվեցին, որ Արցախը հայկական մնար, բայց մի օրում հանձնեցին: Նա բացի Նիկոլ Փաշինյանից նաև արցախցիներին մեղադրեց կատարվածի մեջ: Արցախցի կինն էլ հակադարձեց ու վիճաբանություն սկսվեց, աշխատողներն իջան առաջին հարկ, փորձեցին հաշտեցնել…
Այդ պահին հայտնվեց ծերանոցի տնօրենը ու սկսեց լկտի բառապաշարով բոլոր աշխատողներին ու տարեցներին վիրավորել: Բառացի կրկնում եմ նրա ասածը՝ «Ձեր չափը ճանաչեք, թե չէ հերթով կոշիկիս քիթը լպստելու եք: Մի անգամ էլ սենց թեմա բացեք՝ անբարոյականի պիտակ կկպցեմ ձեր վրա»: Ինքն երեկվա լակոտն է, բայց աշխատողների հետ նման ձևով է խոսում ու սա առաջին անգամը չէ, պարզապես երեկ շատ հեռուն գնաց: Աշխատող կանանց ամուսինները, որ իմացան, իրեն ոտքերի տակ կառնեն...»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նա նաև հավելեց, որ դիմելու են Աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի տուն-ինտերնատի տնօրենին ազատեն, այլապես իրենք ազատման դիմում կգրեն:
«Եթե սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը ազնիվ, պարկեշտ ու արդար տղա է, թող այս անձնավորությանն ազատի աշխատանքից»,- հավելց մեր զրուցակիցը:
Տուն-ինտերնատի աշխատակիցները նաև փոխանցեցին, որ մի քանիսը ձայնագրել են տնօրենի վիրավորական արտահայտությունները:
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: