Չաշխատած շոու և հին հաշիվներ․ ինչի մեջ է մեղադրվում dasaran.am-ի հիմնադիրը
copy image url

Չաշխատած շոու և հին հաշիվներ․ ինչի մեջ է մեղադրվում dasaran.am-ի հիմնադիրը

Ներքին 1 տարի առաջ - 09:30 19-09-2023
Օրեր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Իրավապահների հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Սուրեն Ալոյանը և նրա հետ ձերբակալված չորս անձինք մեղադրվում են պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։

Oragir.News-ին հայտնի են դարձել այս պատմության որոշ մանրամասներ։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո՝ 2018-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է նախապես տեղեկանալ զորակոչի ենթակա տղաների մասին։ Նախագիծը հանձնարարվել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, ով պարզել է, որ նման տվյալների լիարժեք բազա ունի միայն Dasaran.am-ը։ Գ․Ալթունյանը, խորհրդակցելով ՊՆ պաշտոնյաների հետ, որոշել է գնումը կատարել մեկ աղբյուրից։

Պայմանագիրը կնքվել է Սուրեն Ալոյանի քեռու որդու՝ Արտավազդի ընկերության միջոցով, ով ևս մեղադրյալների թվում է։

Մեր տեղեկություններով, ծրագիրը պատշաճ կատարել և հանձնել են ակտով, բայց չգիտես ինչու, ՊՆ-ն չի օգտագործել տվյալների այդ բազան։

Գործը հայտնաբերվել է Պաշտպանության նախարարությունը ստուգելու ընթացքում, բայց մարդկանց կալանավորելու որոշման մեջ մեծ ազդեցություն է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ով ունի անփոփոխ բացասական վերաբերմունք Սուրեն Ալոյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Dasaran.am-ը դադարեցրեց իր գործունեությունը հենց Արայիկ Հարությունյանի նախարար եղած ժամանակ և նրա որոշման հետևանքով․ այդ ժամանակ տխրահռչակ նախարարը չկարողացավ քրեական գործ սարքել Սուրեն Ալոյանի վրա, թեև շատ էր ցանկանում։

Մեր տեղեկություններով, կալանավորելու առաջարկը Արայիկ Հարությունյանը փաթեթավորել է Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական շոուով․ իբր դա կբարձրացնի իշխանության վարկը։

Բայց խնդիրն այն է, որ Սուրեն Ալոյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Դատարանի հաջորդ որոշումը, որով Սուրեն Ալոյանը 1 մլն դրամ գրավով ազատվեց կալանքից, կայացվել է Գրիգոր Մինասյանի ակտիվ միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 5 անձինք, այդ թվում dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը, մեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում 106.300.000 ՀՀ դրամի հափշտակելու մեջ։

Ամենից շատ դիտված