ՀՀ-ի և Բելգիայի արտգործնախարարների քննարկման առանցքում այսօր եղել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ճգնաժամ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով:
Այս մասին այսօր, Բելգիայի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Թե՛ նախորդ քննարկումներին, թե՛ այսօր անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի ծայրահեղ բացասական անդառնալի հետևանքներին: Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին:
Մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում ընկած է ԼՂ-ին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ գործընկերոջ հետ քննարկումներին ընդգծել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, նաև թիրախավորում Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի հայկական դիքերը:
«Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները, և բացառություն չի կազմում այնպիսի հումանիտար հանձնարարության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադաձնելը, ինչպիսին է նաև անհետ կորած համարվողների ճակատագրերի պարզաբանումը: Եվ այսօր արդեն, փաստացի, Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի 120 հազար բնակչությանը»,- ասաց Միրզոյանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: