Ուղիղ եթեր
Վարդգես Պետրոսյանը և «Գարուն» ամսագիրը
copy image url

Վարդգես Պետրոսյանը և «Գարուն» ամսագիրը

Մշակույթ 1 տարի առաջ - 18:03 09-08-2023
1966 թ․ հայկական մամուլի պատմության մեջ նշանավոր իրադարձություն է տեղի ունենում։ Մի խմբագիր, նպատակ ունենալով համախմբել իր ժամանակի լավագույն ստեղծագործությունները և ոգեշնչել երիտասարդներին, ծրագրում է ստեղծել «Գարուն» ամսագիրը՝ արթնացնելով դարասկզբին հայ մամուլի պատմության մեջ ստեղծված մի յուրօրինակ երևույթի՝ «Գարուն» ալմանախի լավագույն ավանդները։ Սակայն առողջական լուրջ խնդիրների պատճառով նրա երզանքի իրականացումը հետաձգվում է, և ամսագրի առաջին համարը լույս է տեսնում 1967 թ․ հունվարին։ Հետագայում խոստովանելու էր՝ իր կյանքի լավագույն տարիները հենց «Գարունի» տարիներն էին։

Խմբագիրը, որին վիճակված էր հայկական մամուլն ու գրականությունը շրջադարձային փուլի միջով անցկացնել, արձակարգիր, դրամատուրգ, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանն էր։

1932 թ․ հենց այս օրն է ծնվել «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր, Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր Վարդգես Պետրոսյանը։

Հայտնի է, որ դեռ 1910 թ․-ից Մոսկվայում նախաձեռնվել և իրար հետևից լույս էին տեսել «Գարուն» ալմանախի 3 գրքերը, որոնց ստեղծումը նախաձեռնել էին Մոսկվայում ակտիվ գրական կյանքով ապրող մի քանի գրողներ՝ Վահան Տերյանը, Ցոլակ Խանզադյանը, Կարապետ Կուրսիկյանը, Կարեն Միքայելյանը և ուրիշներ։ Հատկանշական է, որ ալմանախն ըստ էության ուներ այն նույն նպատակը, որը հռչակեց «Գարուն» ամսագիրը․ դա ժամանակի գրական-հրապարակախոսական կյանքը թարմացնելն ու երիտասարդական թարմ ուժերին ինքնաարտահայտման ասպարեզ տալն էր։



Մինչ դարակեսին «Գարունի» հիմնումը՝ Պետրոսյանը հսկայական փորձ էր ձեռք բերել տպագիր մամուլի հետ աշխատանքի ոլորտում։ 1954-1955 թվականներին աշխատել է Գավառի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը։ Սա մի ճանապարհ էր, որը պիտի նախապատրաստեր մի մեծ երևույթի երևան գալուն, որը պիտ փոխեր արդի հրապարակախոսության ընթացքը։

«Գարունը» խաչմերուկ դարձավ ամենատարբեր բանավեճերի համար, այն մի ամբողջ սերնդի հոգևոր հիմնաքարն էր։ Այս ամսագրի էջերում մարմին առան 1960-ականների ազգային զարթոնքի գաղափարները, այստեղ առաջին անգամ կայծկլտացին Արցախյան շարժման կրակները, հասունացավ ու պայթեց անկախության պահանջը։

Վարդգես Պետրոսյանը ամսագիրը խմբագրեց ընդամենը 8 տարի՝ 1967-1975 թթ․, բայց առաջին իսկ համարից խմբագրական իր թիմով որդեգրեց հստակ հայեցակարգ։

«Մենք շարքային, առօրյա համարով ենք ուզում սկսել մեր կենսագրությունը, առաջին իսկ ամսից ուզում ենք խորանալ երիտասարդության ոչ թե հնարովի, այլ իրական պրոբլեմների մեջ, որոնել կյանքի չերևացող երակները, մոտենալ այրող հարցերի, չշտապել բոլոր հարցերի համար ձևակերպել մաշված պատասխաններ։

Մեր ակնարկների, պատմվածքների, հոդվածների, ռեպորտաժների համար հերոսներ կորոնենք նրանց մեջ, ովքեր կյանքին չեն նայում ձանձրացած տուրիստի ակնոցի միջից, այլ ապրում են կյանքով,գործով, ժամանակով։ Նրանց, ում հայացքը եթե անհասկանալի, անորոշ է թվում, ապա ոչ թե մտքերի, հոգսերի ամայությունից, այլ դրանց խտությունից։ Մենք չենք հավատում անսխալականների գոյությանը, որոնք ամեն ինչ անում են մարդ-մեքենայի նման, որոնք նախապես գիտեն աշխարհի բոլոր հարցերի պատասխանները, որոնք տխրում են, ուրախանում, հոգնում կամ կասկածում՝ համապատասխան չափով։ Մենք ամենից առաջ հավատում ենք նրանց, որոնք եթե սայթաքում են, ապա միայն դժվար վերելքների, անհայտի որոնման ճանապարհին։



․․․․Մեր ամսագրին վիճակված է ընթերցողներից լավագույնը։ 16-17 տարեկանը նոր-նոր փորձում է հասկանալ աշխարհի ու ժամանակի բարդությունը, հասկանալ ինքն իրեն, սիրում ու հուսահատվում է՝ իր մեջ ունենալով Համլետի հոգու մի մասնիկը, ներքին բոլոր իմպուլսներով պատրաստ է ամենախելագար սխրանքների։ 16-17 տարիքը մեր ելման կետն է, որ հասնում է մինչև 30-33, գուցե նաև 40 տարի, որովհետև այդ տարիքից հետո ոչ ոք չի ուզում մեծանալ։ Այս տարիքում գտնված են շատ հարցերի պատասխանները, գտնված է տեղը կյանքում, հոգին ավելի քիչ է պատրաստ խելահեղ քայլերի։ Մեր ընթերցողների հետ մենք պիտի անցնենք այս ճանապարհը՝ 16-40. և պիտի անցնենք ոչ թե տարիների ընթացքում, այլ յուրաքանչյուր համարի մեջ։ Դա բարդ է, երբեմն անհնար, բայց մենք կփորձենք, կորոնենք»։

Լինելով իր ժամանակների ամենաառաջավոր նորարարը՝ Տերյանը տասնամյակների հեռավորությունից փաստորեն շարունակում է միջամտել գրական կյանքին՝ իր ազդեցությունը թողնելով նաև արդի շրջանի գրականության վրա։

«Գարուն» ամսագիրն իր գոյությունը շարունակեց մինչև 2018 թ․։



Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան