«Ան լոկ հարուստ բարերար մը ըլլալե դադրեցավ ու դարձավ հուսո փարոս մը, դեպի ուր ուղղվեցան ամենուն աչքերը»,-այսպես է բնութագրել Պողոս Նուբար փաշային երգիծաբան, հրապարակախոս Երվանդ Օտյանը։
Այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահ Պողոս Նուբար փաշայի ծննդյան օրն է։
Պողոս Նուբար փաշան որդին էր ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի։ Եթե Նուբարյանների բարոյան և ֆինանսական աջակցությունը չլիներ, ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ էլ Եգիպտոսում այնքան լայն չպիտի բացվեին դռները հայ գաղթականության առաջ, որոնք մազապուրծ լքել էին իրենց արյունոտ հայրենիքը 1895-96 թթ․ կոտորածների ժամանակ։
Նուբարյան գերդաստանը սերում է Սյունիքի մելիքներից։

Պողոս Նուբարը նախնական կրթությունը ստացել է տանը (հրավիրված ուսուցիչների միջոցով), ապա ուսանել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Փարիզի կենտրոնական վարժարանի ճարտարագիտաարդյունաբերական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատել է ֆրանսիական հանքերում եւ երկաթուղիներում որպես ճարտարագետ-երկրաչափ։
1879 թվականին Պողոս Նուբարը մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ հանդիպում է ապագա կնոջը, ով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյի աղջիկն էր: Նրանք ամուսնանում են 1880 թվականին եւ ունեցել հինգ զավակ՝ չորս որդի և մեկ դուստր։
Չնայած Պողոս Նուբար փաշան ահռելի հարստության տեր էր, սակայն ապրում էր համեստ կյանքով։
Պողոս Նուբար փաշան մի օր նկատում է, որ իր կինը միշտ նույն շրջազգեստով է տանից դուրս գալիս։ Եվ երբ զարմանքով հարցնում է պատճառը, ստանում է հետևյալ պատասխանը.
- Փաշա, քանի դեռ ունենք հազարավոր գաղթական հայրենակիցներ և որբացած մանուկներ, ամոթ է, որ ունենամ երկրորդ շրջազգեստ։
Մարի Նուբարն իհարկե ամեն ինչ ուներ, բայց ապրում էր իր ժողովրդի ցավերով։

Նա եղել է Եգիպտոսի ընդհանուր երկաթուղիների տնօրենը՝ հիմնելով Ալեքսանդրիայի հանրակառքերի եւ Մենզելեի հողերի շահագործման, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունները: Տասնյակ բանկերի և ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր, ինչպես նաեւ հսկայական կարողության տեր էր։ 1899 թվականին Պողոս Նուբարը բելգիացի միլիոնատերի հետ Կահիրեում (երբեմնի Հելիոպոլիս քաղաքի տեղում, որն այժմ էլ դիտարժան վայրերից է) հիմնեց «Օազիս» ընկերությունը նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ:
Մեծ ներդրում է ունեցել նաև երկրագործության բնագավառում։ Նա ճանաչվեց որպես գիտնական ջրոռոգման աշխատությունից հետ, ստեղծել է կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ արորը՝ տրակտորը, որի համար 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացավ Ոսկե մեդալի եւ ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետության խաչի, ինչպես նաև Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանի։ Իսկ 1906 թվականին կրկին ոսկե շքանշանի է արժանացել Միլանի ցուցահանդեսում։
Նրան շնորհվել են Բելգիայի Ordre de Leopold եւ եգիպտական Mejideh, Osmanineh եւ Nile պատվավոր կոչումներ եւ շքանշաններ նրա հռչակավոր գործերի համար:
1906 թվականին Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար, որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Նրանք ստեղծեցին անձեռնմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։

Պողոս Նուբար փաշան Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար եւ լիազոր ներկայացուցիչ և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը գումարվելիք համաժողովներում։ Նրան էին ընտրել, որովհետեւ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականները մարդասիրական տեսանկյունից էին ներկայացնում հարցը, Պողոս Նուբարը՝ այլ շահադիտական տեսանկյունից։ Եւ այսպիսով 1914 թվականին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրն առաջ եկավ, որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։
Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914 թվականի նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, քանի որ բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, բայց բրիտանացիներն այլ ծրագիր ունեին։
Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժմանը Թիֆլիս ուղարկելով 6000 ոսկի։

1919 թվականի ապրիլին նա և ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ։ Մի քանի ամսվա ընթացքում 1․600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին, ապա ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։
Առողջության վատթարացման պատճառով 1928 թվականի մայիսի 28-ին Պողոս Նուբարը հրաժարական տվեց եւ ՀԲԸՄ-ն ղեկավարեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ նա հռչակվեց հավերժ նախագահ։ Հայագիտությունը զարգացնելու նպատակով հայագիտական ամբիոն բացելու համար 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին։ Խոշոր ձեռնարկություն էր Նուբարյան մատենադարանի հիմնումը Փարիզում։
Այս է մեծ հայի կյանքն ու գործը, նա իր բացառիկ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ մեծ տեղ ունի մեր պատմության մեջ։