Ուղիղ եթեր
Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո․ դոֆինը նաիրական, բայց և իրական
copy image url

Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո․ դոֆինը նաիրական, բայց և իրական

Մշակույթ 1 տարի առաջ - 19:19 09-07-2023
1936 թվականի այս օրը՝ հուլիսի 9-ին, Թիֆլիսում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքնասպան եղավ 35-ամյա Աղասի Խանջյանը։

1930 թ․ ծնունդով վանեցի Աղասի Խանջյանը դառնում է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի ամենաերիտասարդ առաջին քարտուղարը։ Աղասին տարբերվում էր իրեն նախորդող առաջնորդներից։ Նա վայելում էր բոլորի սերը և հարգանքը։ Իսկ 1930-ականներին մոլեգնում էր Ստալինի անձի պաշտանմունքը, բոլոր հայրենասեր, սկզբունքային, ըմբոստ մարդիկ պիտակավորվում էին որպես այլախոհներ և սպանվում, աքսորվում։ Ահա այս դժնդակ օրերում Աղասի Խանջյանը փորձում էր իր բարձր հովանու տակ պահել հայ մտավորականությանը։

Խանջյանը մտերիմ էր հայ գրողներից Չարենցի, Մահարու, Լեռ Կամսարի հետ, հարգում էր նրանց վաստակը, հաճախ կոծկում նրանց անձի հետ կապված շահարկումները։ Լեռ Կամսարն իր օրագրերում գրում է, որ բանտում անձամբ Խանջյանի հրահանգով իրեն թուղթ ու գրիչ ունենալու իրավունք են տվել։ Աղասին Վանում աշակերտել էր մեծ երգիծաբանին։



1936 թ․ էր՝ սև տարիները։ Թիֆլիսում նախատեսված էր Անդր­երկկոմի ԿԿ բյուրոյի նիստ, որին պիտի մասնակցեր նաև Աղասի Խանջյանը։ Նիստը գլխավորելու էր Ներքին գործերի ժողկոմ Բերիան, որի նստավայրը Թիֆլիսն էր։

Իզաբելլա Չարենցի վկայությամբ Բերիայի կանչով նրա մոտ գնալուց առաջ Չարենցն Աղասի Խանջյանին ընդունել է իր տանը. «Երկար զրուցել են, մտորել: Կողքի սենյակից անընդհատ լսվում էր Չարենցի ձայնը՝ Աղասի՛, մի՛գնա, Աղասի՛, մի՛ գնա: Բայց Աղասին չգնալ չէր կարող» :

Խանջյանի՝ Բերիայից կանչվելն այնպես է խռովել Չարենցի միտքն ու հոգին, որ նա նույնիսկ Ռեգինա Ղազարյանի միջոցով գրություն է ուղարկել կայարան. «Աղասի Խանջյանի՝ Թիֆլիս մեկնելու օրը Չարենցը տվեց մի գրություն և խնդրեց անպայման կայարան գնալ և որևէ կերպ հանձնել Խանջյանին: … Զգույշ սկսեցի մոտենալ առաջին անցուղով և մտածում էի, թե ինչպես կատարեմ Չարենցի հանձնարարությունը: Խանջյանը, տեսնելով և երևի զգալով, որ ուզում եմ մոտենալ, անցավ գծերի վրայով և մոտենալով ինձ՝ հարցրեց. «Ինչպե՞ս է Չարենցը»: Ես անմիջապես հանձնեցի գրությունը, որն առանց կարդալու դրեց գրպանը և ասաց, որ բարևեմ Չարենցին: Հեռացա՝ աչքերիս մեջ տանելով Խանջյանի մտահոգ դեմքն ու թախծոտ աչքերը»:



Չարենցը մարգարեացել էր․ վստահ էր՝ Աղասին Թիֆլիսից չի վերադառնա։

Անդր­երկկոմի ԿԿ բյուրոյի նիստին, զեկուցելով ՀԿԿ ԿԿ կատարած աշխատանքների մասին, Խանջյանը ստիպված է լինում ընդունել, որ Հայաստանի ԿԿ-ն թույլ է տվել սխալներ և համաձայնում է այդ առթիվ Երկկոմի քննադատություններին: Այնուհետև քննարկվում է ևս երկու հարց, և ժամը 17.30-ին բյուրոյի նիստն ավարտվում է:

Այդ ժամանակ Բերիայի աշխատասենյակում շարունակվում էին քննարկումները, և ժամը 9-ին, Բերիայի պահանջով, քննարկմանը մասնակցելու համար կանչում են Խանջյանին: Կրքերը թեժանում են, մեղադրանքները՝ խստանում։ Հնչում է կրակոցը․․․

Հետագայում քարտուղարուհին խոստովանել է, թե ինչպես կրակոցի ձայնը լսելուն պես սարսափած նետվել է դեպի գրասենյակը։ Ներս մտնելով տեսել է, թե ինչպես է Բերիան նստած տեղից Աղասի Խանջյանի արնաշաղախ մարմնի վրա շպրտել ատրճանակը։ Եվ չնայած տարիներ անց դատաբժշկական փորձաքննությունն ապացուցեց, որ Աղասին առնվազն երկումետրանոց ձեռք պիտի ունենար, որ այդ դիրքից ինքն իրեն վիրավորեր, միևնույնն է, Աղասու ողբերգական մահը ներկայացվեց որպես ինքնասպանությունը։



Հայկական պատվիրակության ականատեսը պատմում է․ «Գտանք և տեսանք արնաշաղախ Խանջյանին: Մենք Խանջյանին գտանք դեռևս կենդանի և անտեսելով, որ նա պառկած է ջախջախված գլխով, կանչեցինք քաղաքի լավագույն բժշկական ուժերին: Խանջյանին տեղափոխեցին հիվանդանոց, և չնայած գանգը կրակված էր, հիվանդանոցում կատարեցին վիրահատություն, բայց գիշերվա ժամը երկուսին Խանջյանը մահացավ: Նա թողել էր երկու նամակ. մեկը՝ ընկ. Բերիայի և երկրորդը կնոջ անունով»։

Պատմում են, որ Խանջյանը Թիֆլիս մեկնելուց առաջ այրել է գրասեղանի վրայի և դարակների, արկղերի մեջ գտնվող բոլոր փաստա­թղթերը, որոշ մարդկանց հայտնելով, որ «չի վերադառնա Երևան»:

Խանջյանի սպանությունը հատկապես ծանր է տարել Չարենցը։ Խանջյանի թաղման ժամանակ մոտեցել է նրա դիակին, հազիվ զսպված արցունքներով համբուրել ճակատը․․․



Ո՞րն էր Աղասի Խանջյանի սպանության պատճառը․ դժվար է հստակ պատասխանել, բայց փաստ է, որ նրա՝ օր օրի աճող հեղինակությունը սարսափեցնում էր խորհրդային ղեկավարությանը։ Բնական է, որ Խանջյանն անտարբեր չէր կարող լինել հայության հայրենիքի, խլված տարածքների վերամիավորման հարցում ու բարձրացնելու էր այդ ցավոտ խնդիրները: Անվիճելի է, որ Խանջյանն անպայմանորեն անդրադարձել է այդ խնդիրներին։

Չարենցը նրան հռչակեց դոֆին նաիրական՝ արքայազն, և նվիրեց սոնետների շարք․․․

Այս գաղթական կանանց ընտանեկան սուգով
Եվ շիվանով միայն շրջապատած,
Փայտյա դագա՛ղն ու դի՛ն արյունոտած –
Մի՞թե, օ՜, Աղասի՛, դիա՛կն է քո։

Դո՞ւ ես արդյոք պառկած այդքան անհույզ դեմքով
Հանցապարտի, գողի դագաղ մտած,
Երբ ժողովուրդն անգամ աչքերն իր թաց,
Վարանքո՜վ է սրբում բաց դագաղի դեմ քո…

Որպես ջրհորն ընկած աստեղային մի ջահ`
Ընկա՜վ, պոկվե՜ց հանկարծ լուրթ եթերից,
Թե դոֆինյան քո դե՛մքը, թե անունըդ` Խանջյա՛ն…

Եվ ես հիշում եմ մեր այն մտերիմ,
Եվ իրոնիկ զրո՛ւյցը այնքան թովիչ,
Երբ կոչեցի ես քեզ Նաիրական Դոֆին։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն