Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը Բախմուտի, Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ազատագրել են ընդհանուր առմամբ 37 կմ² տարածք։ Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին Մալյարը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։
Մալյարը շեշտել է, որ երկրի արևելքում հարձակողական և պաշտպանական գործողությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը շարժվում են Բախմուտի ուղղությամբ, իսկ ռուսական ուժերը շարունակում են իրենց հարձակումները Լիմանսկի, Ավդեևսկի և Մարինսկի ուղղություններով։
«Հակառակորդը փորձում է մեր զորքերին դուրս մղել զբաղեցված դիրքերից, սակայն արժանի հակահարված է ստանում։ Այժմ այնտեղ ծանր մարտերը շարունակվում են»,- գրել է նա։
Ուկրաինային պաշտպանության փոխնախարարը հայտնել է, որ եկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արևելքում ազատագրվել է 9 կմ² տարածք։ Նա նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը երկրի հարավում հարձակողական գործողություններ են իրականացնում Նովոդարովկա, Պրիյուտնոե, Նովոդանիլովկա, Ռաբոտինո, Նովոսելկա և Ստարոմայորսկոե բնակավայրերի տարածքներում, մեկ շաբաթվա ընթացքում ազատագրված տարածքներն ավելացել են 28,4 կմ²-ով։