Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգը և այլ սպառազինություններ չի տրամադրի Ուկրաինային, քանի որ մտավախություն ունի, որ դրանք կհասնեն Իրանին։ Այս մասին Նեթանյահուն ասել է The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, կարեւոր է հասկանալ, որ մեզ անհանգստացնում է այն, որ եթե մենք Ուկրաինային տանք այդ համակարգերը, դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում»,- նշել է նա։
Նեթանյահուն հայտնել է, որ եթե իսրայելական սպառազինությունն անցնի Իրանին, ապա Թեհրանը կարող է իսրայելական սպառազինություններն օգտագործել հրեական պետության դեմ։
«Իսրայելը հոծ բնակեցված երկիր է։ Զոհերի թիվը մեր կողմից մեծ չէ մի պատճառով, որովհետեւ «Երկաթե գմբեթ»-ը խոցում է հրթիռների 95 տոկոսը։ Եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան և վտանգի մեջ կլինեն»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի հունիսին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիյչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար դժգոհում են, որ Իսրայելը հրաժարվում է ռազմական աջակցություն տրամադրել։