Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե Ադրբեջանը տարածաշրջանում սրում է իրավիճակը, հայ բնակչության հանդեպ էթնիկ զտումներ է կատարում, ինչպես նաև Արցախը պահում է շրջափակման մեջ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական կողմը պնդել է, թե իբր հայկական զինված ուժերը հունիսի 27-ին «սադրանք են իրականացրել, որի նպատակն էր խոչընդոտել Վաշինգտոնում կայանալիք ԱԳ նախարարների բանակցությունները, ինչպես նաև միտումնավոր կերպով սրել տարածաշրջանում տիրող իրավիճակը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «աբսուրդ» է որակել, որ հայկական զինված ուժերի նկատմամբ «ադրբեջանական կողմի ձեռնարկած պատասխան միջոցները» պիտակավորվում են որպես «էթնիկ զտումներ»։
Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ «Հայաստանը չի մարսում Լաչինի սահմանային անցակետով Արցախի բնակչության կանոնակարգված և թափանցիկ անցումը երկու ուղղություններով»։ Նշվել է, որ այս համատեքստում այն «կեղծ քարոզչությունը, թե տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակ է, որևէ հիմք չունի»։
«Հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց, հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ միայն խոսքով, այլև գործով, և անհապաղ հեռացնի հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, որոնք սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,- ասվում է հայտարարությունում։