Փառատոնների պակաս Հայաստանում հաստատ չկա։ Չնայած ամենամյա այդ փառատոններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և կոչված է ներկայացնելու հայկական մշակույթն ու սովորույթները, քիչ չեն այն փառատոնները, որոնք տեղաբնակների և օտազգիների ուշադրությունը շահելուց զատ նաև զարմանք են առաջացնում։
Oragir.News-ն այսօր առանձնացրել է և ստորև կներկայացնի, թե Հայաստանում ինչ հետաքրքիր, յուրօրինակ ամենամյա փառատոններ են անցկացվում և ինչ նշանակություն ունեն դրանք։ Սկսենք մարդկանց հետաքրքրությունն ամենաշատը շարժող՝ «Ոչխարների խուզման» փառատոնից։
Ոչխարների խուզման ամենամյա փառատոնն անցկացվում է Սյունիքի մարզում: Հայաստանում ոչխարներին խուզում են հատուկ մկրատի միջոցով՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ օգտագործվում են մեխանիկական սարքեր: Փառատոնի ընթացքում ծանոթանում են նաև հայկական խոհանոցին, վայելում երգ ու պարային համույթների ելույթները, տարատեսակ վարպետաց դասեր են լինում։
Հայկական տոլմայի ավանդական ու նորարարական բաղադրատոմսերի սիրահարները կարող են Արմավիրի մարզում ներկա գտնվել
Տոլմայի փառատոնին: Փառատոնի ժամանակ պատրաստվում է նաև ամենաերկար տոլման, որը մատուցվում է ներկաներին։
Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը: Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի:
Գինու փառատոնն անցկացվում է միշտ նույն վայրում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին հայ գինեգործները և տասնյակ հազարավոր այցելուներ հավաքվում են Արենի գյուղում՝ նշելու գինու փառատոնը։ Փառատոնի ընթացքում գինու սիրահարներին բախտ է վիճակվում մասնակցել հնագույն և ինքնատիպ գինու պատրաստման ծիսակատարությանը՝ տարրայի մեջ խաղող ճզմելուն, որին հաջորդում է գինու տեսականու համտեսը։
Հայերի ամենասիրված ուտեստներից մեկն է խորովածը, իսկ համահայկական ամենամյա
Խորովածի փառատոնն անցկացվում է Լոռու մարզում՝ Ախթալայում։ Խորովածի փառատոնի ծրագրի շրջանակներում անցկացվում են խոհարարական մրցույթներ, պատրաստվում է խորոված տարբեր տեսակի մսից։
Ամեն տարի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի Խաչիկ գյուղում տեղի է ունենում ալյուրից, կարագից և շաքարից պատրաստված ամենահամեղ հայկական աղանդերին նվիրված
գաթայի փառատոնը։ Փառատոնի ընթացքում այցելուները կարող են փորձել ավանդական գաթան, ականատես լինել դրա պատրաստմանը, ինչպես նաև վայելել ազգագրական երաժշտությունն ու պարերը։
Դդմի տոնը կամ Դդմաձոնը, որն անցկացվում է Տավուշի մարզում, հիանալի առիթ է դդմով ուտեստներ, հյութ, ընկույզ, մեղր ու այլ գյուղմթերք համտեսելու համար: Տոնի հիմնանպատակն է տարածել հայկական ազգային մշակույթը: Կարող եք վայելել աշնանային մթնոլորտը, ազգային երգ ու պարը և հիանալի նկարներ ստանալ:
Թթի փառատոնը տեղի է ունենում Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ թութն առատ է աճում, և տեղի բնակիչները թթից տարբեր բարիքներ պատրաստելու ավանդույթներ են ձևավորել, օրինակ Գորիսում ցույց են տալիս թթոի օղի պատրաստելու ընթացքը։ Տոնակատարությունը հիմնականում կազմակերպվում է Սյունիքի մարզում, այն կազմակերպվում էր նաև Արցախի Ամարաս վանքի շրջակայքում։ Փառատոնը սկսվում է թութ թափ տալու հին ավանդույթից։
Կինոյի ոլորտի ճանաչված փառատոններից է հայկական
«Ոսկե ծիրան»-ը, որն ամեն տարի Հայաստան է բերում համաշխարհային կինոյի կայացած ու ծագող աստղերին: