Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին նախօրեին Հակարիի կամրջի ուղղությամբ Բաքվի հերթական սադրանքին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք կտրականապես հերքում ենք Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունները, թե, իբր, Ադրբեջանն է սահմանամերձ հատվածներում սադրանքի նախաձեռնողը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտոնական Բաքուն նաև հերքել է Փաշինյանի հայտարարությունները, որ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը հանգեցրել է լարված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման։ Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ` Երևանի «նպատակն է՝ կանխել սահմանային անցակետի հաջող, անվտանգ, ազատ շահագործումն ու օգտագործումը»։
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը պահանջում է «դադարեցնել սադրանքները, պատասխանատվությամբ և կառուցողականորեն մոտենալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին»։