Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Գալուզինն ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ն, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին՝ մի կողմից դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, միջամտել ընկերների և հարևանների հետ մեր գործընկերություններին և դաշինքներին: Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր նպատակը»,- նշել է նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրները նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով օգնություն և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,- ասել է նա։
Գալուզինը հավելել է, որ որոշ այլ միջնորդների ջանքերը պետք է լրացուցիչ արժեք հաղորդեն հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրագործման տեսանկյունից։