Կառավարության այսօրվա նիստում ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված փոփոխություն կատարվեց նախկինում ընդունված որոշումներից մեկում։
Զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաև ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտանգության մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին և կավելացնի ծառայության գրավչությունը:
«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից:
Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը: