Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հերթական անգամ գոհունակություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կապակցությամբ։ Հատկանշական է, որ Վաշինգտոնի կողմից պարբերաբար նման հայտարարություններ են հնչում այն պարագայում, երբ հայ-ադրբեջանական բանակցություններում որևէ լուրջ առաջընթաց չի հաջողվում արձանագրել, ինչի մասին փաստում են նաև կողմերի հայտարարությունները։
Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը նշեց, որ պարբերաբար երկու կողմերին ուղղված կոչերն ու հորդորները, մասնավորապես Հայաստանի մասով առ այն, որ ՀՀ-ն բանակցություններում ավելի հանդուրժողական մոտեցում է դրսևորում, բոլորիս է հայտնի։ Նա այս համատեքստում անդրադարձավ նաև նախօրին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հեռախոսազրույցին, ով վերջերս անդրադարձել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որտեղ Միրզոյանն իր ամերիկացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել էր բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը։ Նա նշեց նաև, որ այս համատեքստում կողմերը անդրադարձել են սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման հարցերին, ինչպես նաև 1975 թվականի քարտեզների շուրջ հանձնառության կարևորությանը։
Կարապետյանն ընդգծեց՝ նման քննարկումներում ցավալին այն է, որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի մասին, որտեղ նշաձողը կարծես թե իջեցվում է մեր դիվանագիտական գերատեսչության կողմից։ Նրա խոսքով՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին այլևս ոչ մեկը չի բարձրաձայնում և ներկայումս քննարկվում են միայն Արցախի բնակիչների մարդկային և հումանիտար իրավունքների ու անվտանգության հարցերը։ «Բնականաբար այս համատեքստում ԱՄՆ պետդեպը կողջունի նման հայտարարությունները»,- ընդգծեց նա։
Միջազգայնագետը հիշեցրեց, որ օրեր առաջ էլ ԱՄՆ պետդեպի խոսնակն էր գրեթե նույն բառամթերքը օգտագործել, որը հայ հասարակության շրջանում տարակուսանք էր առաջացրել։ Նա շեշտում է, որ ԱՄՆ պետդապարտամենտի խոսնակը գոհունակություն էր հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից համաներում կիրականացվի Արցախի իշխանությունների և մասնավորապես նախագահի հանդեպ։ «Տվյալ դեպքում սա նշաձողի որոշակի իջեցում է, որը, կարծում եմ, մեր կողմից դիվանագիտական առումով մանևրելու փորձ է և ինչ-որ առումով միջազգային գործընկերների համար ընկալելի է, սակայն ես դա չեմ որակի դիվանագիտական մանևր, որը կբերի հաջողության»,- կարծում է նա։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ օրեր առաջ ԵԱՀԿ-ի կողմից կրկին Ադրբեջանին ուղղված կոչեր են հնչել, առ այն Բաքուն պետք է դրական օրակարգ մշակի, որով կպաշտպանի ԼՂ-ի հայ բնակչության իրավունքներն ու ավտանգությունը։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը հումանիտար ազդեցություն թողնելու տեսանկյունից մտահոգիչ են համարում, հետևաբար Ադրբեջանին նման կոչ են անում։ «Նման կոչերը պարտավորեցնող են, սակայն Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, այն պետությունը չէ, որ նման հորդորներին և կոչերին ընդառաջ գնա և կատարի դրանք»,- ընդգծեց նա։
Հարցին, թե Վաշինգտոնից պարբերաբար հնչող նման հայտարարությունները կարո՞ղ են վկայել այն մասին, որ Երևանն ու Բաքուն համաձայնել են հնարավոր խաղաղության պայմանագիրը ստորագրել հենց ամերիկյան հարթակում, միջազգայնագետը չբացառեց նման հնարավորությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հեգեմոն երկրների կողմից պարբերաբար ականատես ենք լինում խանդի տեսարանների։ Նա այս համատեքտում հիշատակեց հատկապես Մոսկվային, որը, իր խոսքով, փորձում է բոլոր բանակցային պրոցեսներում ձեռք բերված որոշակիությունը սեփականաշնորհել և հասցեագրել բացառապես իրեն։ Կարապետյանը նաև ընդգծեց, որ Մոսկվան մյուս կողմերին քննադատում է՝ նշելով, որ վերջիններս արձանագրում են միայն այն ամենը, ինչին հնարավոր է եղել հասնել իր միջնորդությամբ, և միայն այդ կետից սկսած փորձում են օգտակար լինել, այն դեպքում, երբ ռուսական կողմը դա արդեն ի կատար է ածել։
«Այսինքն՝ ասում են՝ չփորձեք սեփականաշնորհել մեր միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները։ Սակայն որպես այդպիսին անկան ամեն ինչից, եթե կրկին կոչերին և հորդորներին նայենք, ապա Բաքուն Երևանից ակնկալում է երեք հարցում տարաձայնությունների վերացում՝ Ադրբեջանի տարածքից հայ զինվորականների դուրսբերում, իբր Ադրբեջանի ներքին գործերին միջամտության վերացում, ինչպես նաև չխոչընդոտել Արցախի հայ բնակչության հետ երկխոսությանը»,- նշում է նա։
Միջազգայնագետը նկատում է, որ կիրառվում է բումերանգային դիվանագիտական բառամթերք․ մեկը հորդորով է հանդես գալիս, մյուսը՝ հակադարձում է և այլն։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե այդ ամենի արդյունքով ո՞վ և շահում, և ո՞վ է տուժում։ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի տեսանկյունից դեռևս չի կարելի խոսել դիվանագիտական հաջողությունների մասին։
Դավիթ Կարապետյանը նաև համոզմունք հայտնեց, որ Վաշինգտոնում որոշակի հարցերի լուծում կգտնվի։ Նա միևնույն ժամանակ հավելեց՝ չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման բանալին գտնվում է Վաշինգտոնում։
Դավիթ Գույումջյան