Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի հայ համայնքի հետ, որի ընթացքում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման վերաբերյալ։
«Եթե փորձեմ կոնկրետացնել` ինչ եմ խոսել, որոնք են եղել թեմաները. առաջինը` Պրահայում պայմանավորվեցինք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի վրա. այն ստորագրվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Դա այն մասին էր, որ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը գոյություն ունեցող սահմանների շրջանակներում:
Բրյուսելում մենք մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29.800 կմ2 տարածքային ամբողջականությունը, Հայաստանը` Ադրբեջանի 86.600կմ2-ը: Մեր ըմբռնումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, որը պետք է գործի միջազգային ներգրավվածությամբ, որ օրակարգը մոռացության չմատնվի»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա հանդիպումից շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է, իսկ ինչու` նախնական, պարզաբանեց` որովհետև պետք է ստուգել նաև Ադրբեջանի արձագանքը: Նա նշել է՝ կարծես թե կողմերն ընդգծեցին` դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ «Սա նշանակում է` ևս մի քայլ` վերահաստատելու 29.800 կմ2 և 86.600 կմ2 տարածքային ամբողջականությունը, բայց արդեն` մոտավոր, ոչ թե ճշգրիտ պատկերացում` որպես հիմք»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված նշել է, որ վերահաստատել են, որ կողմերի սուվերենության և իրավազորության ներքո պատրաստ են այդ կոմունիկացիաների բացմանը` 2020 թ. եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման մասով։ «Քննարկել ենք նաև գերիների և անհետ կորածների հետ կապված, հումանիտար այլ հարցեր, նաև մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, բանակցությունների մասով»,- նշել է նա։
Փաշինյանն պատասխանել է նաև հարցին, թե որպես հիմք ընտրված 1975 թ. քարտեզներով 29 800 քկմ մեջ մտնո՞ւմ է նաև Արծվաշենը:
«Այո, մտնում է, մտնում են նաև, օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի այն տարածքները, որ 90-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդպիսի հողեր ունի Պառավաքարը, Այգեհովիտը, Վազաշենը, 75 թվի քարտեզով մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումների հետևանքով։
Ադրբեջանն էլ ասում է` դուք էլ 90-ականների սկզբներից ունեք տարածքներ, որոնք այդ 75 թ. քարտեզով կամ ԽՍՀՄ քարտեզով մերն են, բայց ձեր վերահսկողության տակ է: ՄԵնք ասում ենք` շատ լավ, եկեք, վերցնենք 75 թ. քարտեզը, կա սահմանի գիծ այդ քարտեզի վրա, դե ֆակտո այս պահին որոշ տեղերում մեր զորքն է առաջ, որոշ դեպքերում` Ադրբեջանինը:
Եթե այս գիծը վերցնում ենք որպես հիմք, դրանից երկուսն էլ համահավասար հեռավորություն են վերցնում, բայց շատ կարևոր է, որ գիծը մենք ճանաչենք, եթե այն չլինի, պարզ չի լինի` ով, որտեղից և ինչքան պետք է գնա: Ոմանք սա փորձում են ներկայացնել, թե մենակ հայկական զորքերը պետք է հետ գնան: Ոչ, գծից այն կողմ: Եթե սահմանի գիծը չենք խախտել, հետ գնալու խնդիր չունենք»,- եզրափակել է նա։