Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարբեր հետազոտական ընկերությունների կողմից շարունակվում է հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների հրապարակումը։
Ermenihaber-ն ուսումնասիրել է Թուրքիայում գործող մի շարք հետազոտական ընկերությունների կողմից մայիսի ամսվա ընթացքում իրականացված սոցհարցումների տվյալները և ներկայցրել դրանց միջինացված տվյալները։
Նախագահական ընտրություններին ի սկզբանե մասնակցում էր չորս թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որի շուրջ միավորվել է Թուրքիայի ընդդիմության ազդեցիկ հատվածը, նախորդ նախագահական ընտրություններում (2018) Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, «Նախնի» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Սակայն նախօրեին իր Մուհարեմ Ինջեն ինքնաբացարկ է հայտնել, ինչը մի շարք փորձագետների համոզմամբ բխում է Քըլըչդարօղլուի շահերից։
Թուրքիայում գործող 12 հետազոտական ընկերությունների (SER-AR, ORC, MAK, AVRASYA, SAROS, ARTI BIR, KONDA, AREA, GENAR, OPTIMAR, ALF, ADA) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ Էրդողանի միջինացված վարկանիշը կազմում է 46.15%, իսկ Քըլըչդարօղլուինը՝ 48.83%։
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա հետազոտական 10 կենտրոնի (KONDA, ORC, YÖNEYLEM, AVRASYA, MAK, AREA, ALF, METROPOLL, GENAR, SAROS) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքն ունի 43.97% վարկանիշ, «Ազգ» դաշինքը՝ 39,55% վարկանիշ, «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 11.75% ։
«Ժողովուրդ» դաշինքն ընդգրկում է Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում, Նոր բարօրություն և Մեծ միասնություն կուսակցությունները: Ազգ դաշինքի կազմում ընդգրկված են Հանրապետական-ժողովրդական, Լավ, Ժողովրդավարություն և առաջընթաց, Երջանկություն, Ապագա, Ժողովրդավարական» կուսակցությունները։ Աշխատանք և ազատություն դաշինքի մեջ են մտնում Կանաչների և ձախ ապագա, (կարճ՝ Կանաչ ձախ), Թուրքիայի աշխատավորական, Աշխատանք կուսակցությունները։ Կանաչ Ձախ կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։