Թուրքիայում ընդդիմության թեկնածուն չափազանց մոտ է հաղթանակին. հարցումներ
copy image url

Թուրքիայում ընդդիմության թեկնածուն չափազանց մոտ է հաղթանակին. հարցումներ

Արտաքին 1 տարի առաջ - 15:45 28-04-2023
Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններից առաջ շարունակվում են տարբեր հետազոտական ընկերությունների կողմից իրականացվող հանրային կարծիքի ուսումնասիրությունները։ Մասնավորապես թուրքական Duvar պարբերականը հրապարակել է Artıbir հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն առաջին փուլում չափազանց մոտ է հաղթանակին։

Հաղորդվում է, որ հետազոտությունն իրականացվել է ապրիլի 13-ից 24-ը՝ երկրի ողջ տարածքում։ Միևնույն ժամանակ հետազոտական ընկերությունը չի հրապարակել հարցմանը մասնակցած քաղաքացիների թիվը։

Հարցման արդյունքների համաձայն՝ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա մասնակիցների 49.4%-ը կքվեարկեր Քեմալ Քըլըչդարօղլուի, 43.7%-ը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, 4.5%-ը՝ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության առաջնորդ, 2018-ի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեի, իսկ 2.4%-ը՝ ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի օգտին։ Եթե թեկնածունեից որևէ մեկին չհաջողվի առաջին փուլում ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, ապա երկրորդ փուլում հարցվածների 53.6%-ն ասել է, որ կքվեարկի Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 46.4%-ը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ առաջատարը Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունն է, սակայն իշխող կուսակցության և հիմնական ընդդիմադիր, Քըլըչդարօղլուի գլխավորած Հանրապետական-ժողովրդական կուսակցության միջև տարբերությունը 1%-ից էլ ցածր է։ Մասնավորապես հարցվածների 32.3%-ը պատրաստ է քվեարկել ԱԶԿ-ի, 31.4%-ը՝ ՀԺԿ-ի, 11.9%-ը՝ քրդամետ Կանաչների ձախ կուսակցության, 10.2%-ը՝ ՀԺԿ-ի կոալիցիոն գործընկեր, ազգայնական Լավ կուսակցության, 6.4%-ը՝ Էրդողանի կոալիցիոն գործընկեր, Ազգայնական շարժում կուսակցության, 3.1%-ը՝ Մուհարեմ Ինջեի Հայրենիք կուսակցության օգտին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ամենից շատ դիտված