Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին հարցաքննվում է գործով ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը, որը ՀՀ գյուղատնտեսության բուսաբուծության վարչության նախկին պետն է:
«Գումարը տրամադրվել է որպես սուբսիդիա, այսինքն՝ սուբսիդիան չի ենթադրում որևիցե մրցույթի անցկացում: Դրա տրամաբանությունն այն է, որ գնիջեցում է տեղի ունենում: Եվ սուբսիդիայի տրամադրման կարգով չկա որևիցե մի կետ, որ պետք է ընտրվի առավել նվազ գին առաջարկողը:
Ընդամենը հարցումներ է արվել կազմակերպություններին, թե ով կկարողանա այդ ծրագիրն իրականացնել: Հարցումները հիմնականում անցկացվել են ինտերնետից և տարբեր աղբյուրներից ինչ-որ տեղեկատվություն հավաքելով, թե ովքեր են ներկրողները, և նրանց տեղեկացվել է:
Հիշում եմ, որ որոշ մատակարարների զանգել ու կանչել ենք, իրենք գնացել-եկել են փոխնախարարի մոտ բանակցությունների: Որոշ ժամանակ անց Սամվել Գալստյանն ինձ ասաց, որ արդեն ընտրվել է մատակարարը և պետք է ծրագիրն իրականացնի «Ֆլեշ» ՍՊԸ-ն»,- հայտարարեց ամբաստանյալը:
Հարությունյանը պատմեց, որ աշխատել է երրորդ նախագահի և Գյուղատնտեսության փոխնախարարի հետ. «Աշխատանքային առումով ունեցել եմ շփում: Շատ քիչ եմ առնչվել Սերգո Կարապետյանի հետ»:
Գործով մեղադրող դատախազը հարցրեց՝ արդյո՞ք մինչև դատարանում հարցաքննվելը գործով ամբաստանյալները կամ նրանց պաշտպանները իր հետ հանդիպե՞լ են, այս գործի հանգամանքների վերաբերյալ քննարկում եղե՞լ է, ամբաստանյալը պատասխանեց. «Ոչ, միայն մի փաստաբանի»:
Դատախազի հարցին, թե այս վարույթի նախաքննության ընթացքում քանի՞ անգամ է հարցաքննվել ու ինչ դատավարական կարգավիճակով, Հարությունյանն ասաց՝ 3 անգամ՝ որպես վկա, եւ 4-րդ անգամ՝ որպես մեղադրյալ:
Նա դատարանում հայտարարեց, որ իրեն ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ուղղորդել, թե նախաքննության ընթացքում ինչ բովանդակության ցուցմունք տալ:
«Սերգո Կարապետյանը զանգեց ինձ ու ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես ասել եմ, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի և գումար վերականգնվի, ու դրա համար, քանի որ ես քեզ ասել եմ դա, դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ, որ գործը չերկարի: Ես էլ հեռուստացույցով տեսնում էի, որ ինչ-որ մեկի դեմ քրեական գործ էին հարուցում, հետո ասում էին՝ գումար վերականգնվեց ու բաց թողեցին, մտածեցի՝ երեւի այս գործն էլ են ուզում տենց անել, ես էլ հոգնել էի քննչական մարմին գնալ-գալուց, ասեցի՝ անենք, պրծնի, գնա: Իսկ ուրիշ մարդ կոնկրետ ցուցմունքի հետ կապված որ ասի՝ տենց ցուցմունք պիտի տաս կամ նենց, չի եղել»,- պատմեց Հարությունյանը:
Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հիմա հայտնում այդ դեպքի մասին, ամբաստանյալն ասաց. «Քանի որ արդեն դրված էր հերթականությունը, թե երբ պետք է հարցաքննվեն, մտածում էի հարցաքննությունների ժամանակ պետք է ասեմ: Քանի որ ինքն էլ մահացավ, իմաստ էլ չկար ավելի շուտ ասելու, մեկ է՝ գալու էր հերթս, ասելու էի»:
Դատախազը հարցրեց՝ արդյո՞ք ինքը չէր հասկացել, որ փոխհատուցման մասին խոսք լինել չէր կարող, որովհետև անձանց նկատմամբ քրեական հետպնդումներ են հարուցվում, Հարությունյանն ասաց. «Իմ վերջին ցուցմունքով հենց դա է ասվում, որ նախորդ անգամվա ցուցմունքս ճիշտ չէ, այսինքն՝ ես նոր ցուցմունք եմ տալիս: Անհարմար զգացի ասել, որ միամտություն եմ արել, հավատացել եմ, թե նման բան է ասել»:
Նշենք, որ այժմ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն է: Նախորդ նիստերին հարցաքննվել են գործով վկաները:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։