1992 թ․, մայիս․․․ Ռազմաճակատում ուժերի հարաբերակցությունը 1։2․6-ի էր՝ հօգուտ թշնամու․․․ Շուշիում և նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էր հակառակորդի շուրջ 2500 զինվոր, այնինչ հայ կամավորների թիվը չէր գերազանցում 1800-ը։
Իր ողջ փառքով բազմած էր բարձունքում անառիկ բերդաքաղաքը՝ հայոց երազանքների խորհրդանիշը․․․
Ժամն էր խիզախման, և անհնարինը կարող էր հնարավոր դառնալ։ Եվ ահա տրվում է հրամանը՝ մայիսի 8-ի գիշերն անցնել հարձակման։ Վերջնական գրոհից առաջ Պարգև Սրբազանը իր օրհնանքի խոսքն ասաց ու աղոթք հղեց առ Աստված։

Հայրենիքի մարտիկները քաջ գիտակցում էին, որ գնում էին խելահեռ քայլի, ի մահ իմացյալ․․․ Սա պիտի դառնար վերջին մարտը, այն արժանապատվության մարտ էր, բայց բոլորն ուրախ էին, մի յուրօրինակ ոգևորությամբ վառված․ ասես հարսանիք էին գնում․․․ Դա մարտիրոսացում չէր․․․
2։40-ի սահմաններում էր՝ խավարչտին գիշեր, տրվեց «Հարսանիք լեռներում» գործողության մեկնարկը։ Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական կետը Շոշ գյուղից հյուսիս էր։ Այնտեղ էին գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետ Ֆելիքս Գզողյանը, Գուրգեն Դալիբալթայանը, հրետանու պետ Ռազմիկ Մելքումյանը, հետախուզության պետ Վաչագան Հայիրյանը, կապի պետ Արթուր Փափազյանը, Օլեգ Եսայանը, Զորի Բալայանը․․․
Սկսվում է անակնկալ համազարկը․․․ Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան-Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Սա մի յուրօրինակ խաչակրաց արշավանք էր։
Փակելով Լաչին-Շուշի ճանապարհը՝ հայկական ուժերը զրկում են թշնամուն օգնություն ստանալու հնարավորությունից։ Շփոթեցնելով թշնամուն և հարձակման այլ ուղղություններ ստեղծելով՝ հայկական ուժերին հաջողվում է առաջ անցնել։
Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 4-ին, հակառակորդն արդեն խուճապահար փախել էր Շուշիից։ Ծանր ու երկար գիշերվանից հետո բացվեց երջանիկ առավոտը․․․ Հայկական ուժերը մուտք գործեցին հայոց հինավուրց բերդաքաղաք։ Ազատագրվեց հպարտ քաղաքը․․․ Ղազանչեցոցի ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը, և աղոթքը ելավ սյուներն ի վեր, դեպի Աստված․․․
Հարսնացած Շուշին սպասում էր իր փեսային․․․