Ծանր և իրադարձություններով լի կյանք է ունեցել նկարիչ Փանոս Թերլեմեզյանը։ Ծնված լինելով համիդյան բռնատիրության տարիներին՝ նա չէր կարող խուսափել արյունոտ սուլթանի հալածանքներից։ Սակայն անհնազանդ ու պայքարող ոգին ակտիվ պայքար է մղել, ինչի համար հետապնդվել է և ստիպված է եղել լքել հայրենի Վանն ու բնակություն հաստատել Թիֆլիսում։ Ի վերջո, թուրքական կառավարությունն իր նպատակին հասավ․ 1897 թ. կառավարության պահանջով ձերբակալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: Բայց ահա փարիզյան շրջանը ստեղծագործողի առաջ նոր հորիզոններ բացեց։
Այսօր նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի հիշատակի օրն է։

Իր հուշերում Վահրամ Ալազանը գրում է․
«Օտարության մեջ երկարատև թափառումներից հետո 1928թ. հայրենիք վերադարձավ բազմավաստակ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: Մեր առաջին ծանոթությունը կարճ ժամանակից հետո վերածվեց ջերմ և մտերիմ բարեկամության: Ես և Մարոն հաճախ էինք այցելում Թերլեմեզյանի բնակարան-արվեստանոց ցուցահանդեսը, ուր նա ամեն անգամ անակնկալի էր բերում մեզ՝ ցուցադրելով նորանոր կտավներ: Մի անգամ, բազմաթիվ նկարների ծալքերից հանելով, ցույց տվեց գարնանային նորափթիթ ծառերի ստվերի տակ նստած մի կնոջ պորտրեն և խորհրդավոր տոնով, համարյա շշուկով ասաց:
-Մարդու բան մը չըսեք, այս կինն ատենոք իմ սիրո առարկան եղած է,- և անմիջապես նկարը թաքցրեց մեր տեսողությոնից:
Իր բուռն, փոթորկոտ, անդաստական կյանքի ավելի քան 60 տարիների ընթացքում նա «չէր հասցրել» ամուսնանալ, ընտանիք կազմել՝ գերադասելով կյանքն ամբողջովին նվիրել իր ժողովրդին, նրա ցավերին ու կարիքներին:
Թերլեմեզյանը վերին աստիճանի աշխատասեր մարդ էր: Նա չէր սիրում զուր տեղ ժամանակ վատնել, թրևել և օրն անցկացնել կաֆեներում: Չէր ծխում, չէր խմում: Չէր շռայլում ոչ իր նկարները, ոչ էլ նրանցից ստացված գումարը: Ապրում էր համեստ, հաշվով և առանց աղմուկի: Չարքաշ, թափառական կյանքն էր նրան դաստիարակել այդպես ապրել: Ոմանք Թերլեմեզյանի համեստ ապրելակերպը ժլատություն էին համարում:

Չնայած ինքը չէր խմում, բայց տանը հյուրերի համար միշտ կոնյակ ուներ պահած, որը հրամցնում էր խիստ չափավոր դոզայով: Բերում էր շիշը, դողացող ձեռքերով լցնում փոքր բաժակի մեջ և հրամցնում: Երկրորդ բաժակից հետո խցանում էր շիշը, դնում պահարանի մեջ՝ ամեն անգամ կրկնելով․ «Շատ խմողներեն հազ չեմ ըներ»: Ըստ ամենայնի՝ ամեն անգամ հարբեցող իր հորն հիշելիս է, որ անվանի նկարիչը «հազ չէր ըներ շատ խմողներեն»: Իսկ ցավագնորեն դողացող նրա ձեռքերն, ինչ կասկած, որ հոր հարբեցողության տխուր ժառանգությունն էին մնացել նկարչին:
Փանոս Թերլեմեզյանի բազմաթիվ նկարների մեջ կար ուշագրավ մի էտյուդ: Ինքը՝ նկարիչը, Կոմիտասը, Սիամանթոն և վերջինիս սիրո առարկան՝ երիտասարդ գրող Մաննիկ Պերպերյանը: Չարենցը հրապուրված էր այդ նկարով և ամեն կերպ աշխատում էր այն ձեռք բերել: Բայց Թերլեմեզյանը ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել այդ նկարից: Մի անգամ իմ ներկայությամբ Չարենցը խաղալիք պահանջող մանկան համառությամբ Թերլեմեզյանին թախանձում է, որ այդ էտյուդն իրեն ծախի: Նկարիչն այլևս չկարողացավ դիմադրել և ստիպված նկարը նվիրեց բանաստեղծին: Չարենցը, ուրախության ճիչ արձակելով, նկարը կրծքին սեղմեց, և մենք, Թերլեմեզյանի մոտից դուրս գալով, գնացինք նրա սենյակը: Նա անմիջապես նկարը կախեց գրասեղանի մոտի պատին: Հաջորդ օրը, երբ Չարենցի մոտ եղա, գյուտարարի պես բացականչեց:
-Ա՛յ տղա, տեսնու՞մ ես՝ ինչ նկար եմ ստացել: Այստեղ ինձ ամենից շատ հետաքրքրում են Սիամանթոն ու Մաննիկը, Կոմիտասի ու Փանոսի նկարներն ունեի...
1931-32թթ. նա սկսել էր նկարել մեր գրողների դիմանկարները: Մի օր ասաց ինձ.
-Տղա՛, կուզեմ քեզ ալ նկարել:
Պայմանավորված ժամին գնում էի մոտը: Աշխատում էր դանդաղ ու ջղային: Դողացող ձեռքը տանջում էր նրան, հուզում ու ջղայնացնում: Այդպիսի դեպքերում սկսում էր բարձրաձայն կռվել ինքն իր հետ:
-Քո խե՛րն անիծեմ, Փանո՛ս, անպիտա՛ն քեզի... Տղա՛, ես քեզի քանի՞ անգամ ըսեր եմ, որ խելքդ գլխուդ ժողվես... Եթե խելոք տղա ըլլաս նե, քեզի կարգեմ պիտի...

Եվ այսպես, ջղայնությամբ ու կատակով, համառ մաքառումերով ստեղծագործում էր մեծ նկարիչը:
Ինձ նկարելու ժամանակ նրա մոտ եկավ պրոֆեսոր Աճառյանը:
-Չես ըսեր, Փանո՛ս, ի՞նչ եղեր է: Մեյեն, Պոլիս գալով, այցելած է Կենտրոնական վարժարանը, որ տեսնի այն դասարանը, ուր սովորած եմ ես: Սկսեր է պատերուն վրա փնտրել իմ նկարը: Երբ չէ գտեր, նախատեր է դպրոցի ղեկավարներուն: Եվ այժմ տնօրենները հավարը զիս ձգեր են և նկարս կը խնդրեն:
-Է՛, տղա՛, եկուր սա իմ ըրած նկարը տամ, ղրկե,- պատասխանեց Թերլեմեզյանն աշխուժանալով:
Թերլեմեզյանը նկարել էր մեծ գիտնականի շատ հաջողված դիմանկարը՝ գրքերի վրա հակված, խորաթափանց հայացքով: Ցույց տալով այդ ստեղծագործությունը՝ ժպտալով ասաց.
-Շատ կուզեի սա տղուն նկարել: Ինչպե՞ս ընեի, որ աչքերու շլդիկությունը չերևար: Կմտածեի՝ միջոց մը գտնել: Սա տղուն նստեցուցի, գիրք մը դրի առաջ և ըսի. «Հրաչյա՛, դուն գիտնական մարդ ես, սա գրքին նայելով եկուր նկարեմ քեզի»: Եվ ահա, ինչպես կտեսնես, նկարի մեջ Հրաչյան իսկական ինքն է, շլդիկ ալ չէ, խորհող և իրմե ավելի գեղեցիկ:
Աճառյանն ու ես լիաթոք ծիծաղեցինք նկարչի այս սրամիտ պատմության առթիվ, մինչ նա նորից, դիմելով նկարչին, ասաց:
-Տղա՛, ավելի աժան կհաշվեմ, վերցրու՛, ղրկե՛ սա նկարը:
- Բան մը կմտածենք,- անտարբերությամբ պատասխանեց Աճառյանը:
Մի շաբաթ հետո ես նկարչի մոտն էի, երբ նորից եկավ Աճառյանը:
-Տղա՛, ի՞նչ կխորհիս,- ասաց Թերլեմեզյանը,- ինչո՞ւ չես գա նկարը տանելու:
-Ջանըմ, մեկ ռուբլիով գործը լմնցուցի, գնաց,- պատասխանեց Աճառյանը:- Գնացի բուլվար, մեկ ռուբլի վճարեցի, նկարվեցի, ղրկեցի իրենց... լմնցա՜վ, գնա՜ց...
Թերլեմեզյանը այլևս չկարողացավ պահել իրեն և պոռթկաց, ինչպես ամպրոպ:
-Տղա՛, դուն խե՛նթ ես... Խելքդ կորսնցուցիր գրքերուն մեջ...Վայրկենական նկարն ի՞նչ պիտի ընեն հոն, խելքի՜ պտուկ... Վա՜յ, թմախքյար (ժլատ), վա՜յ: Դրամ չունեիր նե, ըսեիր, ձրի կուտայի:
-Եղածը եղած է, ջանըմ, գործիդ նայե,- ժպտալով պատասխանեց Աճառյանը»: