Ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ․ կոտորածների տարեգիրն ու նահատակը
copy image url

Ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ․ կոտորածների տարեգիրն ու նահատակը

Մշակույթ 1 տարի առաջ - 17:29 24-04-2023
Նա թաթախեց իր գրիչը տառապանքի, արյան ու հայրենիքի հոշոտված արշալույսների մեջ։ Ապրելով կյանքի ընդամենը 36 գարուններ՝ նա սիրո, գեղեցկության, երջանկության մասին գեթ մի տող չասաց, այլ միայն ցավեց իր ժողովրդի դառը ճակատագիրը։

Սիամանթոն իր ամեն մի բջիջով զգում էր հայոց ողբերգությունը։ Նա ականատեսն էր մեր պատմության ամենաողբերգական իրադարձությունների, առաջին տարեգիրն ու նաև նահատակը․․․

Մի առիթով Ավետիք Իսահակյանը կշտամբում է Սիամանթոյին՝ ասելով, թե տառապանքն ու վիշտը անցողիկ են, և խորհուրդ է տալիս գրել բանաստեղծության հավերժական թեմաներով՝ սիրո, բնության, մարդու մասին, այնինչ Սիամանթոն զայրանում է՝ ասելով․ «Ի՜նչ կըսեք։ Ես բնության մեջ տերևին մեր շրշյունը հազար երգի հետ չեմ փոխեր։ Բայց օրերն ատանկ են»։



Այս ասելով՝ հուզված բանաստեղծը պատռում է ձեռքի տակ ունեցած մի քանի բանաստեղծությունները, որոնք տարբերվում էին իրենց քնարականությամբ և նուրբ ու քնքուշ բովանդակությամբ։

Նա համոզված էր․ «Սա ոգորումի օրերուն մեջ սիրային, հայրատ ոտանավորներ հանգիլը վատություն է բոլոր վատություններէ»։

Անխռով ու երջանիկ էին միայն Սիամանթոյի մանկության տարիները, երբ նա վայելում էր հայրենի Ակնի բնությունն ու պարզ, ազնիվ ու աշխատասեր մարդկանց միջավայրը։ Ի՜նչ իմանար պատանին, որ երբ տեղափոխվում էր Պոլիս՝ կրթությունը Պերպերյան վարժարանում շարունակելու, այլևս չպիտի դառնար հայրենի գյուղը, որ հավերժ կորսված էր այն՝ ներկված հայ մարդու արյունով․․․



Սկսվեց 1894 թ․ կոտորածը․․․ Այս օրերին Սիմանթոյի հայրը որոշեց որդուն հեռացնել Թուրքիայից։ Նրան նավով փոխադրեցին Կահիրե, որտեղ մնաց 1 տարի։ Թեև Սիամանթոն անձամբ չտեսավ ջարդերը, բայց Կահիրե ժամանող և մազապուրճ ազատված հայրենակիցները պատմում էին նրան իրենց աչքով տեսածը, և զգայուն երիտասարդը շարունակ այդ պատկերներն անցկացնում էր իր հոգու միջով, ապրում ու վերապրում այն, ինչի մասին լսել էր միայն։

Օ՜, մի մօտենաք, մի մօտենաք,
Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն ու ծովուն,
Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,
Ու ցաւէն գալարուող աղիքներուն վրայ,
Գանկեր ու սրունքներ ինծի կ'երեւան...

1897 թ․ Սիամանթոն տեղափոխվում է Եվրոպա։ Ժնև, Փարիզ, Բոստոն․․․



Եվրոպայում նա նյութական ծանրագույն օրեր ապրեց։ Այս մասին մի հուշ է թողել Շիրվանզադեն։ Նա Փարիզում հանդիպել էր Սիամանթոյին և նրա երիտասարդ ընկերոջը, որոնք միասին քաղաքի արվարձանում մի բնակարան էին վարձակալել։

«Պատահեց, որ մի երկու շաբաթ չերևացին սրճարանում թե մեկն ու թե մյուսը: Կարծեցի, որ նրանք գնացել են որևէ տեղ: Մի օր վերջապես հանդիպեցի բանաստեղծին նույն Սեն Միշել բուլվարի վրա մենակ: Նա տխուր էր, գունատ և նկատելի նիհարել էր:

-Որտե՞ղ էիր, Սիամանթո,- հարցրի ես ուրախացած:

-Էհ, մի հարցնեք,- պատասխանեց բանաստեղծը և կրծքից արձակեց մի երկարատև, ծանր հառաչանք:

-Ի՞նչ է պատահել:

-Ոչինչ, սովորական բան, ես ու ընկերս երկու շաբաթ էր կատարելապես անոթի էինք և կկերակրվեինք գետնախնձորով: Հետևաբար սրճարան գալու միջոց չունեինք:

-Ահա՜ թե ինչ,- գոչեցի ես վշտացած:

-Այո՛, բանն այնտեղ հասավ, որ քանի մը օր առաջ որոշեցինք վերջ տալ մեր կյանքին, նետվելով Սենայի մեջ:

-Հետո՞:

-Հետո: Ինչպես կտեսնաք, չնետվեցանք,- ժպտաց Սիամանթոն»,- այդ օրերի մասին պատմում է Շիրվանզադեն:



1903 թ․ Սիամանթոյի կրծքի տակ արդեն բույն էր դրել «երկնքի հիվանդությունը»՝ թոքախտը։ Բայց նա զարմանալի համառությամբ բուժվեց․․․ Այս փրկությունը միգուցե չլիներ, եթե նրա սրտում չվառվեր սիրո հուրը։ Սաթենիկ Ջաղեթյանի և Սիամանթոյի սերը, ցավոք, կիսատ մնաց, որովհետև արձակուրդին Թիֆլիս վերադարձած աղջկա ծնողները, իմանալով, որ իրենց դուստրը սիրահարվել է նյութական ծանր պայմաններում գտնվող, այն էլ թոքախտավոր արևմտահայ բանաստեղծին, անմիջապես ամուսնացրին նրան․․․

1909 թ․ կիլիկյան ջարդերը նորից ցնցեցին հայությանը․․․ Այս օրերին Զաբել Եսայանը եղավ կոտորածների կենտրոնում, գրառեց, փաստեր հավաքեց․ ահա նա էր այն բարեկամը, որը «կարմիր» լուրեր էր հասցնում Սիամանթոյին․․․ Եվ ծնվեցին նոր ահասարսուռ պատկերներ․․․ Ամուլ թրքուհին իր ամլությունը բուժելու համար հայ կույս աղջիկների արյամբ լոգանք է ընդունում, թաքնված մի խումբ հայերին փրկելու համար մայրն իր ձեռքերով խեղդում է սովից ու վախից լացող մանկանը, թուրք խուժանը նավթ է լցնում հայուհիների մերկ մարմիններին և ստիպում է պար գալ հռհռացող ոհմակի առաջ․․․․

Ու զայրացկոտ Սիամանթոն ծառս է լինում, իր բողքի խոսքը հնչեցնում անտարբեր աշխարհի ճակատին, որոնք փակել են թե՛ պատուհանները, թե՛ աչքերը․

Ո՜վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ․․․



1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում` ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից։ Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։

1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով․․․

Իսկ մայրը՝ Նազենին, շարունակում էր սպասել որդուն․․․





Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն